Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է ՏՄՊՊՀ գործունեության ծրագիրը 2016-ի համար: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին բենզինի գնի մասին: 2013 թ. Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնագիր կնքեցին այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին նավթամթերքը տալու է արտոնյալ պայմաններով` արտահանման մաքսատուրքը հանվում է: Ավելին` Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, արտոնյալ կերպով` առանց մաքսատուրքի է ներկրում բենզինը, բայց կա մեկ այլ իրողություն` Վրաստանում բենզինն ավելի էժան է մոտ 140-150 դրամով, քան Հայաստանում: Պատգամավորը շեշտեց, որ«Ռոսնեֆթ-Արմենիա» ընկերությունը 2015-ին 15 միլիարդ դրամի շահույթ է ունեցել, և հասկանալի չէ, թե որն է այդ ընկերության գործառույթը: Հավանաբար, հայկական ընկերություններին է վաճառում բենզին` ստանալով այդքան շահույթ: «Ստացվում է, որ արտոնյալ տարածքում, արտոնյալ պայմաններով, հարկերից ու տուրքերից ազատված գործունեություն են իրականացնում: Մինչդեռ` Վրաստանը, որ ո\'չ ԵՏՄ անդամ է, ոչ\' էլ ունի արտոնյալ պայմաններ, ավելի էժան բենզին ունի, քան Հայաստանը»,- ասաց Փաշինյանը:
Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ ուսումնասիրել են ոլորտը, պարզվել է, որ Հայաստանում ռեգուլյար բենզինի գները նվազել են 35 տոկոսով, սակայն փոխարժեքի կուրսը ազդում է բենզինի վաճառքի գների ձևավորման վրա: Ներկայումս բենզին ներկրում են երեք ընկերություններ՝ «Ռոսնեֆթ»-ը, «Լուկոյլ»-ը և բուլղարական մեկ ընկերություն:
Ինչ վերաբերում է Վրաստանի հետ գների համեմատությանը, Շաբոյանը նշեց, որ երեք հիմնական գործոնով է պայմանավորված այդ հարցը: Առաջին գործոնը, տեղափոխման հետ կապված, տրանսպորտի մեծ սակագներն են. Փոթի նավահանգստից մինչև Այրում կայարան վրացական երկաթուղին գանձում է տեղափոխման մեծ սակագներ: Երկրորդ գործոնը հարկային քաղաքականությունն է, որը Հայաստանի ու Վրաստանի դեպքում տարբեր է: Եվ երրորդ՝ բենզինի ձեռք բերման գները. Վրաստանը բենզին է ձեռք բերում նաև Ադրբեջանից:
Փաշինյանը արձագանքեց. «Հայաստանը և Վրաստանը բենզին գնում են Ռուսաստանից: Վրաստանը մաքսային տուրք է վճարում, Հայաստանը չի վճարում: Տարածք մտցնելու համար Վրաստանը կրկին մաքսատուրք է վճարում, Հայաստանը չի վճարում: Սա լուրջ գործոն է, երբ Հայաստանը զրո ծախս ունի, բայց, միևնույն է, Հայաստանում բենզինը 55 տոկոսով ավելի թանկ է, քան Վրաստանում: Անընդհատ ասում եք, թե մենաշնորհ չկա, բայց Նոյեմբերյանի բնակիչը գնում է, Վրաստանում է իր բենզինը լցնում»:
Շաբոյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել տնտեսվարողների բիզնես որոշումները, որոնց վրա բազմաթիվ գործոններ են ազդում: Եվ եթե կա ընկերություն, որը կարող է ավելի էժան բենզին ներկրել, ուրեմն այդ ընկերությունը կարող է անկաշկանդ գործել: