Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում սպասվում են բենզինի և դիզվառելիքի հերթական և, ամենայն հավանականությամբ, ոչ վերջին թանկացումները։ Մարտի 4-ից «Միկա քորփորեյշեն» ընկերության բենզալցակայաններում բենզինը թանկացավ ևս 10 դրամով, և «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է արդեն 420 դրամով, իսկ ավելի շատ գործածվող միջին որակի՝ «պրեմիում» տեսակի բենզինը՝ 440 դրամով։
Մարտի 12-ին բենզինը թանկացել է նաև այլ ընկերությունների բենզալցակայաններում։ Բենզինի շուկայի հիմնական խաղորդ «Ֆլեշ» ընկերությունը (շուկայի մասնաբաժինը՝ 42,62%) թեև դեռևս չի թանկացրել բենզինը, սակայն ընկերությունում «Կապիտալին» ասացին, որ գների բարձրացումն ընդամենը օրերի հարց է։ Ընկերությունը կբարձրացնի գները՝ ավելի ցածր գներով ձեռք բերած բենզինն ամբողջությամբ իրացնելուց հետո։
Բենզինի և դիզվառելիքի շուկայում գործող ընկերություններն ասում են, որ համաշխարհային շուկայում ստեղծված պայմաններում «ռեգուլյար» տեսակի բենզինի օպտիմալ գինը Հայաստանում պետք լինի 450 դրամ/լիտր։ «Ֆլեշ» ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանը «Կապիտալին» ասաց, որ ընկերությունը դեռևս աշխատում է չբարձրացնել ավտովառելիքի գները, բայց թանկ բենզին ներկրելուց հետո ստիպված է լինելու այն ներքին շուկայում նոր գներով իրացնել։
«Մեկ տոննա բենզինի գինը բորսայում արդեն անցել է 1015 դոլարը, և եթե մենք բենզինը ձեռք բերենք այսօրվա գներով, ապա Հայաստանում «ռեգուլյար» տեսակի 1 լիտրի գինը կլինի 450 դրամ»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ բենզինի բարձր գները իրենց ձեռնտու չեն, քանի որ կրճատվում են իրացման ծավալները։
Ըստ Խաչատրյանի՝ անցած հոկտեմբերի վերջից, երբ «ռեգուլյար» տեսակի 1 լիտրի գինը 350 դրամ էր, առ այսօր գների աճի հետևանքով բենզինի սպառումը Հայաստանում կրճատվել է 15-20%-ով։ Վերջին թանկացումը բենզինի շուկայում տեղի ունեցավ փետրվարի 24-ին, ինչը թե՛ «Ֆլեշը», թե՛ «Սիթի պետրոլ գրուպը» բացատրեցին համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ աճով։
Նշենք, որ փետրվարի 24-ի համեմատ Նյու Յորք ապրանքային բորսայում (NYMEX) 1 տոննա բենզինի գինն աճել է շուրջ 8%-ով՝ հասնելով 948 դրամ/տոննա-ի։ Նավթի Brent տեսակի գինն աճել է 3%-ով՝ կազմելով 112,6 դրամ/բարել (1 բարելը՝ 159 լիտր)։
Հայաստան նավթամթերք ներկրողները նշում են, որ համաշխարհային շուկայում, բենզինի գների աճի հետ մեկտեղ, ավելանում են իրենց ապահովագրական ծախսերը, ինչը նույնպես անդրադառնում է վերջնական գնի վրա։ Ի դեպ, մարտի 7-ից սկսած, համաշխարհային շուկայում բենզինի գների դանդաղ անկում էր տեղի ունենում, մինչդեռ Ճապոնիայի երկրաշարժից հետո բենզինի գների կտրուկ անկում գրանցվեց։
Մյուս կողմից՝ արաբական աշխարհում, հատկապես` Լիբիայում պահպանվող լարվածության հետևանքով նավթի գները շարունակում են ցուցաբերել անկայուն վարքագիծ։ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության տեղեկատվական վարչության կանխատեսմամբ` նավթի միջին գինն ընթացիկ տարում կկազմի 105 դոլար/բարել, իսկ հաջորդ տարի` 106 դոլար/բարել: