Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ մի խումբ արվեստագետներ համախմբվել են` կոչ անելով դադարեցնել Երևան քաղաքում հին շենքերի քանդման գործընթացը: Նրանք «Քաղաքացիական պահանջագիր» են տարածել, որը հանձնել են Երևանի քաղաքապետարանին:
Օրերս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպել է մտավորականների հետ և լսել նրանց մտահոգությունները։
Նկարչուհի Զարուհի Մուրադյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մտավորականներից յուրաքանչյուրն իր տեսակետն է հայտնել, բայց արդյունքում` բոլորն էլ նույն բանն էին ասում` տարիներ շարունակ քանդվում են հին շենքերը` Երևանի դեմքն աղավաղելով: Սարգսյանը խոստացել է, որ Հրշեջների շենքը, «Դոլմամա»-ն չեն քանդվելու, և իրենք կատարելու են իրենց խոստումը:
«Մենք փաստաթուղթ էինք տարել, որում մեր մոտավոր պահանջներն էինք գրանցել: Զրույցը բավական երկար տևեց: Նախարարը փորձում էր մեզ հավաստիացնել, որ եթե մենք ներկայացնենք ցանկ, թե որ շենքերը չենք ուզում, որ քանդվեն, իրենք ականջալուր կլինեն: Թե ինչների՞ն է ցանկը պետք, չգիտեմ, վաղուց ամեն ինչ հայտնի է մեր երկրում, մարդիկ տարիներ շարունակ պայքարում են, ամիսներով կանգնում-քնում են այդ շենքերի մոտ: Թե դա ի՞նչ կտա, չգիտեմ, բայց մենք դրանից հետո հավաքվել ու ժողով ենք արել ու պատրաստվում ենք ներկայացնել այդ ցանկը»,- ասաց Մուրադյանը:
Նա նշեց, որ իրենք առաջին հերթին ներկայացնելու են Թումանյան 25 հասցեում գտնվող շենքը /ատամնաբուժարանի/, որն, ըստ լուրերի, նույնպես ուզում են քանդել: Բացի այդ` նրանք տեղյակ են նաև, որ Թումանյան փողոցում գտնվող շենքերից մեկի /«ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց/ մի մասը պետք է քանդեն և այնտեղ բարձրահարկ կառուցեն: «Անձամբ ես կտրականապես դեմ եմ բարձրահարկերին և՛ Բաղրամյանում, և՛ Թումանյանում, էլ չեմ ասում Հյուսիսային պողոտայի մասին, որը կարծես մեր օրերի սարսափելի հուշարձան լինի: Այդ «ճարտարապետությունը» ցույց է տալիս մեր այսօրվա դեմքը. հարյուրավոր մարդկանց զրկեցին տներից ու հիմա տները դատարկ են»,- ասաց նկարչուհին:
Նա նշեց նաև, որ Նարեկ Սարգսյանի հետ հանդիպման են գնացել նաև տուրիստական կազմակերպություններից ներկայացուցիչներ, ովքեր նշել են, որ մի կողմից ասում են, թե իբր ուզում են զբոսաշրջությունը զարգանա, բայց, մյուս կողմից, գոնե մի փողոց չունենք, որ ծայրից ծայր կարող ենք ցույց տալ զբոսաշրջիկին ու զարմացնել հին Երևանով:
Հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաև «Հին Երևան» ծրագրի մասին, և բոլորն էլ նույն կարծիքի են եղել, որ այն կեղծ բան է լինելու, որովհետև շենքերն իրենց միջավայրում չեն լինելու: «Հին Երևան» ծրագրի հետ կապված ոչ մի խոստում, ըստ Մուրադյանի, չի եղել, բայց Սարգսյանն ասել է, որ իրենք քննարկում են հարցը:
«Ես ասացի, թե` անընդհատ խոսում եք հանրային գերակա շահի մասին, և հիմա մենք հանրության ներկայացուցիչ ենք, բայց չենք տեսել, որ որևիցե անգամ ինչ-որ կարևոր հարց դրվի քննարկման: Իսկ ժամանակին ճարտարապետների միությունում կախվում էին նախագծերը և քննարկման դրվում, բացի այդ` հանձնաժողով էր նայում դրանք, այլ ոչ թե միայն բիզնեսմենի շահն էր հաշվի առնվում: Ես հարցրի նաև, թե այդ ինչպե՞ս եղավ, որ քաղաքի կենտրոնը դարձավ մի քանիսի սեփականությունը: Իհարկե, նման հարցերի պատասխանը չստացանք, բայց մի օր պետք է, չէ՞, այս հարցերը հնչեն»,- ասաց Մուրադյանը: