կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-28 13:06
Մշակույթ

Այս անհայրենիք, էլիտար շենքերը չեն բնութագրում Երևանը. Լևոն Թոքմաջյան

Այս անհայրենիք, էլիտար շենքերը չեն բնութագրում Երևանը. Լևոն Թոքմաջյան

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանին անհանգստացրել ու անհանգստացնում է միայն մեկ բան` հին ու նոր Երևանի փոխհարաբերությունը, քանի որ հինը քանդում են, իսկ նորը հնի շարունակությունը չէ: Լրագրողների հետ զրույցում նա խոսեց այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունի  ավագանու գալիք ընտրություններից: Քանդակագործը կուզեր, որ ավագանին քայլեր աներ հին Երևանը պահպանելու , մեր արժեքավոր շենքերը չքանդելու ու հնի հաշվին նորը չկառուցելու ուղղությամբ: Ըստ նրա` այս անհայրենիք, էլիտար շենքերը չեն բնութագրում Երևանը:

«Ինչքան գիտեմ` «Հին Երևան» են ուզում կառուցել, բա հիմա ոնց չասես` ինչո՞ւ են հինը քանդել, որ հիմա էլ նորն են կառուցում: Կարծում եմ` հայ շինարարի ձեռքի աշխատանքն է մեր հնությունը: Սիրտս ցավում է, երբ կանաչ տարածքում շենքերն են սփռվում, ինչի հետևանքով Երևանի բիոլոգիան էլ է փոխվել: Օրինակ` Հյուսիսային պողոտայում եթե շենքերի ստվերները չլինեին, մարդ կխեղդվեր ամռանը` մի հատ ծառ չկա, իսկ մեկ ուրիշ երկրում տեսե՞լ եք` պողոտա, որտեղ ծառ չկա: Ուղղակի պետք է մի քիչ մտածենք քաղաքի մասին»,- ասաց Թոքմաջյանը:

Նրա կարծիքով` հին Երևանի յուրաքանչյուր շենքի մեջ հոգի, կյանք կար, իսկ հիմա Երևանի կոլորիտն էլ չկա, հարմոնիան կորել է:

Թոքմաջյանը հույս ունի, որ նոր ավագանին կփորձի հինը պահպանել, քանի որ բոլորս զգում ենք` քաղաքը կամաց-կամաց կորցնում է  իր դեմքը: «Լավ է, որ ավագանու անդամների շարքում երեք կուսակցություններից էլ մարդիկ լինեն, քանի որ կարծիքների հակասություն պետք է լինի, որ ճշմարտությունը ջրի երես դուրս գա»,- կարծիք հայտնեց նա:

Նկարիչ Վալմարն էլ նշեց, որ մարդու արժեքն իր գործն է, և եթե յուրաքանչյուրը իր գործը սիրելով անի, հարգի քաղաքը, ամեն ինչ լավ կլինի: «Պետք չէ ամեն ինչի մեղքը դիմացինի մեջ փնտրել, քաղաքի այս վիճակի համար մենք ենք նաև մեղավոր, չէ՞ որ տեսնում ենք նոր այգիներ, որտեղ նստարաններն ամիսներ անց արդեն կոտրված են: Բայց, մյուս կողմից, քաղաքը նաև մարդիկ են, մարդկանց էներգիան, իսկ մեր էներգիան, հատկապես` կանանց, շատ դրական է: Մեր աչքերում ջերմություն կա, ինչն էլ դուր է գալիս զբոսաշրջիկներին, դրա համար էլ ուզում են նորից ու նորից այցելել Հայաստան»,- ասաց նկարիչը: