Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-03-03 17:34
Մշակույթ

3000 մարդ` 40 երկրից. «Վերածնունդ» մրցույթ-փառատոնն ընդլայնում է իր աշխարհագրությունը

3000 մարդ` 40  երկրից. «Վերածնունդ» մրցույթ-փառատոնն ընդլայնում է իր աշխարհագրությունը

Ապրիլ ամսին Գյումրիում կկայանա երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային VIII մրցույթ-փառատոնը: Միայն մասնակիցների թիվը եւ մասնակից երկրների աշխարհագրությունը վկայում է, որ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է ՀՀ մանկական եւ երիտասարդական երաժշտական արվեստի խոշորագույն միջազգային տոնահանդեսը, որին կմասնակցի ավելի քան 3000 մարդ աշխարհի շուրջ 40  երկրից: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է նպաստել տարբեր ազգերի եւ ժողովուրդների մշակույթների մերձեցմանը, մշակույթի միջոցով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, մշակութային կյանքի զարգացմանը ՀՀ մարզերում:

Մրցութային ծրագրի ունկնդրումներն անցկացվում են Գյումրու մշակութային եւ ուսումնական հաստատություններում` 14 անվանակարգերով (դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, էստրադային երգեցողություն եւ էստրադային նվագախմբի գործիքներ, երգչախումբ, կոմպոզիցիա, պարարվեստ): Մասնակիցները հանդես են գալիս հինգ տարիքային խմբերով: Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են 70-ից ավելի` արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի տարբեր երկրներից:

Փառատոնի օրերին նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երեւանում եւ ՀՀ մարզկենտրոններում կանցկացվեն վարպետության դասեր եւ համերգներ: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա ԱՊՀ երկրների առաջավոր երաժշտական բուհերի ղեկավարների կլոր սեղան, որի ընթացքում կարծարծվեն գիտամանկավարժական մի շարք խնդիրներ, կկատարվի առաջավոր փորձի փոխանակում, ձեռք կբերվեն պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար, կկնքվեն երկկողմ պայմանագրեր:

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև «Մշակույթների երկխոսություն» միջազգային 10-րդ  հոբելյանական գիտաժողովը, որին կմասնակցեն գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից: