կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 13:36
Սպորտ

ՀԱՕԿ-ն ընդլայնում է իր աշխարհագրությունը

ՀԱՕԿ-ն ընդլայնում է իր աշխարհագրությունը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն  շարունակում է հանդես գալ նպատակային նախաձեռնություններով: Դրանցից մեկը երկրի մարզերում ՀԱՕԿ ներկայացուցչություններ ստեղծելն է. տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Առաջինը կյանքի է կոչվել երկու տարի առաջ Շիրակում: Այդ մարզում օլիմպիական գաղափարների տարածման  և մարզական միջոցառումների  իրականացման  ուղղությամբ  հիրավի որոշակի աշխատանքներ են կատարվել: Այս մասին վկայեց տեսաֆիլմը, որը ցուցադրվեց անցած շաբաթ օրը Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական համալսարանի նիստերի դահլիճում: Ներկաները, նրանց թվում ` Երևանից ժամանած ՀԱՕԿ աշխատախումբը, համոզվեցին, որ Շիրակի  ներկայացուցչությունը մասնակից է եղել  տեղում կազմակերպված մարզական բոլոր միջոցառումներին:
 
Աշխատանքներն ավելի աշխուժացնելու նպատակ էր հետապնդում  ՀԱՕԿ-ի` Շիրակի ներկայացուցչության խորհրդի ստեղծումը: Նիստի աշխատանքները ղեկավարող հանձնախումբը խորհրդի կազմն  ընտրելու իրավունքը վերապահեց միջոցառման մասնակից մարզիչներին և մասնագետներին: Անդամների կազմը համալրեցին Գյումրիի և մարզի նախկին շրջանների` Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Ամասիայի և  Աշոցքի  ներկայացուցիչները: Նրանք տեղերում կիրականացնեն  խորհրդի որոշումներն ու միջոցառումները, կհայտնաբերեն  շնորհալի տղաներին,  աղջիկներին, որոնք  իրենց ուսումն ու մարզումները կշարունակեն Գյումրիի օլիմպիական հերթափոխի քոլեջում:
 
Մասնակիցները ստեղծեցին 17  հոգուց բաղկացած խորհրդի նախագահություն: Միաձայն նախագահ ընտրվեց վերը նշած բուհի ռեկտոր, վաստակավոր մարզիչ և մարզական գործիչ Վարդևան Գրիգորյանը:
 
 
Նիստի աշխատանքներին մասնակցեց նաև ՀԱՕԿ գլխավոր քատուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նա  փաստերով ներկայացրեց մարզային սպորտի ճշգրիտ իրավիճակը, գնահատեց  համայնքներում ապրող  շնորհալի պատանիների և երիտասարդների առօրյան. շատերը հնարավորություն չունեն պարապելու սիրած մարզաձևով: Ռոստոմյանն ընդգծեց, որ մարզի կլիմայական պայմանները թույլ են տալիս ավելի զարգացնել ձմեռային մարզաձևերը, մասնավորապես ` դահուկավազքը: Սակայն շուրջտարի  պարապելու համար պայմանները բավարար չեն, մանավանդ`  երբ հալչում, վերանում է ձյունը: Արդյունքում` դահուկորդները լիարժեք չեն կարողանում մարզվել և հարկադիր պարապուրդի են մատնվում: ՀԱՕԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանը որոշել է Աշոցքում  կառուցել 2,5 կիլոմետրանոց դահուկային  ժամանակակից վազքուղի, որտեղ մարզիկները  հաճույքով կպարապեն անվավոր դահուկներով:
 
ՀԱՕԿ ներկայացուցչություններ  հաջորդաբար  կստեղծվեն նաև մյուս մարզերում: