Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես չեմ ուզում չարախոսել, բայց երբ Ռոբերտ Քոչարյանը պոկում էր ներկայիս պաշտպանության նախարարի ուսադիրները, ուրեմն հիմքեր կային, որ պոկում էր․ երբ նրան զրկում էր այդ կոչումից, ուրեմն այդ հիմքերը կային՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց գրող, հրապարակախոս, «TV5»-ի տնօրեն Հարություն Հարությունյանը՝ մեկնաբանելով Գեղարքունիքի սահմանին 1 հայ զինծառայողի սպանելու, 6-ին՝ գերեվարելու փաստը։
«Նիկոլ Փաշինյանն եկավ՝ վերականգնեց ուսադիրները, դե հիմա թող պատասխան տա»,-ասաց նա։
Հարություն Հարությունյանը, երբ նայում է մեր պաշտպանության նախարարի ելույթն ԱԺ-ում, ամաչում է, որ ունի այդ տեսակի նախարար։
«Ցավով եմ դա ասում, ես չեմ ուրախանում մեր երկրի անհաջողությունների վրա, բայց ես ցավով եմ դա ասում։ Ես արդեն ամաչում եմ բոլորի համար, որ ԱԺ-ում այսօր խոսում են»,-ասաց Հարություն Հարությունյանը։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը իրեն չի բավարարում, այդ պատճառով էլ գուցե դիմի ՄԱԿ-ի ԱԽ Հայաստանից ադրբեջանական զորքը դուրս բերելու համար, Հարությունյանն ասաց՝ Փաշինյանը ոչ թե ուզում է, որ ադրբեջանցիները դուրս գան մեր երկրից, նա ուզում է՝ ՀԱՊԿ-ը դուրս գա մեր երկրից, կամ մեր երկիրը դուրս գա ՀԱՊԿ-ից։
«Սա շատ ավելի խորքային է՝ ես այդպես եմ կարծում․ որովհետև ուղղորդված այդ հարվածները ՀԱՊԿ-ին՝ ՀԱՊԿ-ը չեկավ, ՀԱՊԿ-ը չօգնեց․․․ կներեք, իսկ մե՞նք ինչ ենք անում մեր երկրի սահմանները պահելու համար։ Փոքր տարիքում տենց տղաներ կային, որ ապտակում էիր, ասում էր՝ հեսա կգնամ եղբորս կկանչեմ․․․ հիմա իրենն է՝ մեզ ապտակում են, մենք չենք պատասխանում, ասում ենք՝ ա՛յ, կգնանք, կասենք։ Ու մենք գնում ենք, ՀԱՊԿ-ին ասում ենք․ նրանց համար էլ ենք դարձել ծիծաղի առարկա, սրանց համար էլ ենք դարձել ծիծաղի առարկա։ Այսինքն, այս մարդիկ չեն պատկերացնում, այս մարդիկ ոչինչ չեն պատկերացնում։ Դու մի բան արա, որ հետո հիմք ունենաս դիմել ՀԱՊԿ-ին, եթե դու ոչինչ չես անում, ՀԱՊԿ-ը ինչի՞ պետք է գա, ի՞նչ պետք է անի»,-ասաց Հարություն Հարությունյանը։
Նա համոզված է, որ սա հատուկ է արվում․ նպատակը հետևյալն է՝ դուրս գալ տարածաշրջանային այդ ռազմավարական համագործակցությունից և ուղղվել այլ ուղղությամբ, որն, իհարկե, նրա համոզմամբ, կործանարար է լինելու մեր երկրի համար, շատ կործանարար է լինելու․ «Բայց դե իրենք դա չեն հասկանում, իրենց ուղեղն արդեն ուրիշ ձևի է աշխատում»։
Փաշինյանի կառավարությունը լրատվամիջոցներին արգելում է նկարահանումներ կատարել ոչ միայն սահմանային դիրքերում այլև սահմանամերձ բնակավայրերում։ «TV5»-ի տնօրենը համոզված է՝ այս տեմպով գնալով՝ շատ շուտով նաև կարգելվի նկարահանումներ անել Երևանում։
«Մի անեկդոտ կար․ պատերազմի ժամանակ ապարանցին նամակ է գրում կնոջը, ասում է՝ ցավդ տանեմ, եթե այս տեմպով նահանջենք՝ մի քանի ամսից քովդ կլնեմ։ Հիմա մերն է՝ էս տեմպով որ գնա՝ շատ շուտով Երևանում էլ կարգելեն նկարահանումները»,-ասաց նա։
Հարություն Հարությունյանի համոզմամբ՝ իշխող թիմն ուզում է տեղեկատվական բլոկ անել, որ ժողովուրդը ոչնչից տեղյակ չլինի և իրենք իրենց գործն անեն, իսկ իրենց գործը արդեն պարզ է՝ ինչ է։
«Ի՞նչ է նշանակում՝ ադրբեջանցիները 15 օր է մտել են, մեր սահմանում բնավորվել, մենք այդքան գերիներ ունենք Ադրբեջանում, մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկում՝ գոնե սրանց գերի վերցնենք, հետո ասենք՝ եկեք փոխանակենք»,-ասաց նա։
Առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանին ձայն տվողներ կլինեն՝ կարծում է Հարություն Հարությունյանը։
«Նրան ձայն տվողների մի մասը համաձայն է, և ստորագրելու է, և երջանիկ է, որ վաղը կարող է Հայաստանը լինի թուրքական վիլայեթ և իրենք գնան, թուրքերի համար լվացք անեն, այլ ծառայություններ մատուցեն՝ ֆիզիկական, հոգեբանական և բարոյական, այդ զանգվածն էլ կա․․․ մի մասն առանց մտածելու է քվեարկելու, մի մասը շահադիտական նպատակներից ելնելով՝ ինչ-որ բան է խոստացել»,-ասաց նա։
Հարություն Հարությունյանը չի համակերպվում, բայց հասկանում է, որ մեր կողքին ապրում են այդ տեսակի մարդիկ, որոնք պատրաստ են թուրքի առջև դռները բացելու, ապրելու ոչ արժանապատիվ ձևով, նրանց համար ոչ մի տարբերություն չկա, բայց նրանք չեն պատկերացնում, թե ինչ դժոխքի առաջ են կանգնեցնում մեր երկիրը և մեր քաղաքացիներին։
Աննա Բալյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․