կարևոր
61114 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-26 18:11
Հասարակություն Մշակույթ

Երևանի գինու օրեր փառատոնն անցկացվելու է 3 օր՝ հունիսի 2-ին, 3-ին և 4-ին

Երևանի գինու օրեր փառատոնն անցկացվելու է 3 օր՝ հունիսի 2-ին, 3-ին և 4-ին

Երևանյան ամենասպասված իրադարձություններից մեկը՝ «Երևանի գինու օրեր» փառատոնն, այս տարի ավելի ընդգրկուն է ու ներկայանում է առավել հագեցած ծրագրով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «EventToura» ընկերության համահիմնադիր և կրեատիվ տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ այս տարի փառատոնը համախմբելու է 72 գինի արտադրողների: Այցելուները հնարավորություն են ունենալու մեկ տեղում համտեսել գինու բազմաթիվ տեսակներ:

«Այս տարի մեր փառատոնն առանձնանում է իր մեծությամբ: Նախ տարածքն ենք ընդլայնել, տաղավարներն ենք ավելացրել, ծրագրերն են թարմացվել: Այս տարի ունենալու ենք երեք բեմ: Դրանցում լինելու են համերգային ծրագրեր, աուդիոթատրոններ, գաստրոշոուներ, գինիների հետ կապված դասընթացներ: Մեկ խոսքով՝ ժամանցը, հաճելին ու օգտակարությունը ամփոփել ենք մեկ վայրում»,-ասաց Նունե Մանուկյանը:

Փառատոնն արդեն 7-րդ անգամ է անցկացվում: Նունե Մանուկյանի խոսքով՝ ի սկզբանե նպատակ են ունեցել պրոպագանդել գինու տուրիզմը, Հայաստանը դիրքավորել, որպես գինու պատմություն ունեցող ու լավագույն գինի արտադրող երկիր: «Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամ»-ի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ նման միջոցառումներն իրենց ազդեցությունն են թողնում գինեգործության զարգացման վրա: Այցելուները հնարավորություն են ունենում տեղում ճանաչելու գինի արտադրողներին, ծանոթանալու տեսականիներին:

«Երևանի գինու օրեր փառատոնը սպասված իրադարձություն է: Դեռ տարվա սկզբից շատերը հետաքրքրվում են, ցանկություն են հայտնում մասնակցելու: Գինեգործության զարգացման, գինու մշակույթը ներկայացնելու համատեքստում կարևոր են նման միջոցառումները, որոնք ուղղված են, թե ներքին, թե արտաքին շուկային: Տարեց տարի գինեգործության ոլորտը մեզ մոտ զարգացում է ապրում: 2018 թվականին ունեինք 25 գինեգործական ընկերություն, այսօր այդ ընկերությունների թիվը 150-ից ավելին է»,-ասաց Զարուհի Մուրադյանը:

Փառատոնի կարևոր շեշտադրումներից է հայկական գինու և հայկական ուտեստի համադրությունը: Գաստրո շոուների շրջանակում ոչ միայն ներկայացվելու են լավագույն խոհարարների կողմից պատրաստված ուտեստները, այլև խոսվելու է այն մասին, թե որ գինու հետ ինչպիսի ուտեստ պետք է ընտրել: «Հայաստանի խոհարարների ասոցիացիա»-ի հիմնադիր և «WorldSkills Armenia»-ի խոհարարության փորձագետ Արբի Ղարախանին նշեց, որ գաստրո շոուների, դասընթացների հիմքում գինու սպառման մշակույթի տարածումն է, հայկական ուտեստների ներկայացումն է:

«Այցելուները ոչ միայն կարող են տեսնել, թե ինչ ենք պատրաստում ու ինչ ենք առաջարկում այս կամ այն գինու հետ համտեսելու համար, այլև խոհարարների մեծ թիմի շնորհիվ կարող են տեղում համտեսել այդ ուտեստները: Ասեմ, որ փառատոնի շրջանակում առաջին անգամ անցկացվելու է Հայաստանի ուսանող խոհարարների մրցույթ, որի ժյուրիի անդամները լինելու են տարբեր երկրներից հրավիրված բարձրակարգ մասնագետներ»,-ասաց Արբի Ղարախանին:

Երևանի գինու օրեր փառատոնն անցկացվելու է 3 օր՝ հունիսի 2-ին, 3-ին և 4-ին: Մոսկովյան-Սարյան-Թումանյան փողոցների հատվածում: