Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեք օր շարունակ շնորհանդեսներ, վարպետության դասեր, գրքերի ցուցահանդես-վաճառք, ընթերցանություն, հեղինակների հետ հանդիպումներ... Գրքի երևանյան փառատոնն ավարտվեց:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ հաջորդ տարի արդեն գրքի ոչ թե երևանյան, այլ հանրապետական փառատոն ենք ունենալու՝ ապագայում միջազգայինի վերաճելու ակնկալիքով: «Փառատոնը գրքի և հրատարակչության եռօրյա հրաշալի երևանյան «հրավառություն» էր, որը մեզ պարգևեց ավելի շատ լույս, ավելի շատ ջերմություն և կարողացավ կողք կողքի բերել հրատարակչին ու գրողին, ընթերցողին ու գիրքը: Վստահ եմ, որ տարեցտարի հրատարակիչներն ու գրքերն այնքան ավելի շատ են լինելու, որ այս մեծ սրահում նեղվածքը շատ ավելի է լինելու»,- ասաց նախարարը։
Փառատոնի ավարտին ժամանակակից հայ գրողներին տրվեցին մրցանակներ։ Մրցութային 4 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝
Արձակ. Համբարձում Համբարձումյան (1-ին մրցանակ) և Հովհաննես Երանյան (2-րդ մրցանակ)։
Չափածո. Ներսես Աթաբեկյան (1-ին մրցանակ) և Հուսիկ Արա (2-րդ մրցանակ)։
Դրամատուրգիա. Գուրգեն Խանջյան (1-ին մրցանակ) և Անուշ Ասլիբեկյան (2-րդ մրցանակ)։
Մանկապատանեկան գրականություն. Սիլվա Հովհաննիսյան (1-ին մրցանակ) և Էլֆիք Զոհրաբյան (2-րդ մրցանակ)։
Առաջին հորիզոնականում հաղթողներին տվեցին 500 000 դրամ, 2-րդ տեղը զբաղեցնողներին՝ 300 000-ական դրամ։ Գումարը կփոխանցվի հեղինակի ընտրած հրատարակչին, իսկ վերջինս կպարտավորվի մեկ տարում հրատարակել գրողի ժողովածուն կամ վեպը։
Հաղթողներին ձայների 60 և 40 հարաբերակցությամբ որոշել են մասնագիտական և հանրային հանձնախմբերը։ Մասնագիտական հանձնախմբի նախագահը ԵՊՀ պրոֆեսոր, գրականագետ Վազգեն Գաբրիելյանն է, անդամները՝ գրաքննադատ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանը, ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը, գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Հասմիկ Հակոբյանը և Քրիստինե Հովհաննիսյանը։
Մրցութային 133 հայտերի մեջ իր մրցանակակիրներին էր ընտրել նաև «1 դրամ» կայքը, որն իր սահմանած 100 հազարական դրամի պարգևները հանձնեց Արամ Թարվերդյանին (չափածո) և Արփի Ոսկանյանին (արձակ)։