կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-25 16:51
Քաղաքական

Կրթական համակարգը պետք է հնարավորինս ապակուսակցականացնել. Լեւոն Մկրտչյան

Կրթական համակարգը պետք է հնարավորինս ապակուսակցականացնել. Լեւոն Մկրտչյան

Այսօր` կառավարության նիստից հետո, ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ որոշվեց նրան չորրորդ անգամ վստահել ԿԳ նախարարի պաշտոնը: Լևոն Մկրտչյանն ասաց, որ ՀՅԴ Գերագույն մարմինն է հարմար գտել իր թեկնածությունը: Նորանշանակ նախարարը խնդրեց լրագրողներին երկու շաբաթ տալ իրեն, որպեսզի ծանոթանա նախարարության խնդիրներին, որից հետո հանդես կգա ծավալուն խոսքով:

Նա նաեւ տեղեկացրեց, այս ողջ ընթացքում ինքը դուրս չի եղել կրթական համակարգից, քանի որ դասախոսել է ԵՊՀ-ում:

Ոլորտի խնդիրների մասին հարցին պատասխանելով` Լևոն Մկրտչյանը նշեց, որ այդ խնդիրները մեզ ուղեկցում են 15-20 տարի: «Միայն մեկ չափանիշ կա՝ պրոֆեսիոնալիզմ, և հենց այդ չափանիշով էլ կառաջնորդվեմ»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում դպրոցի տնօրեններ դաշնակցականներ նշանակվեն, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Ինձ համար կրթության համակարգի ցանկացած պաշտոնյայի համար առաջին չափորոշիչը պրոֆեսիոնալիզմն է: Ուզում եմ հստակ հայտարարել` իմ գործունեության ընթացքում այլ չափանիշ չի լինի: Եթե մարդն իր պաշտոնին բավարարի՝ իր փորձառությամբ, գիտելիքներով, եթե երիտասարդ է, ու ժամանակ է պետք, խնդիր չկա, և եթե մարդը ճիշտ կադր է ու ճիշտ տեղում է, ամբողջությամբ երկրորդական է նրա կուսակցական պատկանելությունը: Կրթական համակարգը պետք է հնարավորինս ապակուսակցականացնել, որ տնօրեններն ու ուսուցիչները զբաղվեն կրթության որակի հարցով, դա առաջնային է»,- ասաց Լևոն Մկրտչյանը:

Հարցին, թե ճի՞շտ են լուրերն այն մասին, թե ԿԳ նախարարի պաշտոնի համար պայքարն ընթացել է իր և դաշնակցական Լիլիթ Գալստյանի միջև, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Դաշնակցությունում պաշտոնների համար պայքար չի գնում: Մենք լավ կադրային բազա ունենք, և, Լիլիթ Գալստյանից բացի, որին շատ սիրում և հարգում եմ, այս պաշտոնի համար ես կարող եմ մատնանշել ևս 5-6 հոգու»:

Նրա խոսքով՝ ուշադրության կենտրոնում պետք է լինի ուսուցիչը, պետք է փորձեն ազատվել բյուրոկրատական քաշքշուկներից և թողնեն, որ ուսուցիչները զբաղվեն կրթության որակի խնդիրներով: «Հիմնական խնդիրը կրթական որակի ապահովման խնդիրն է»,- ասաց նորանշանակ նախարարը՝ խնդրելով այդ բացը ուղղելու հարցում նաև լրագրողների աջակցությունը: