կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-25 17:12
Հասարակություն

Կրթական ամբողջ համակարգը պետք է արմատապես վերափոխենք. ԿԳ նախարար

Կրթական ամբողջ համակարգը պետք է արմատապես վերափոխենք. ԿԳ նախարար

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շատ է կարևորում Արագածոտնի մարզը, քանի որ ավանդաբար հենց այդտեղ էր զարգանում բնական գիտությունը։ Այսօր` մարզի դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան քննարկումների ժամանակ նախարարը նշեց, որ կրթությունը կարևոր գործիք է պետության ձեռքին` հիմնական նպատակները իրականացնելու համար։ Իսկ պետության հիմնական նպատակն այդ տարածքում ժողովրդի անվտանգության և նրա մրցունակության ապահովումն է։

«Երկու պարագայում էլ կրթությունը մեծ դեր ունի։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի՞ քաղաքացի ենք ուզում ունենալ վաղվա Հայաստանում։ Ամեն տարի մենք նոր քաղաքացիներ ենք ճանապարհ դնում դպրոցներից, և նրանց հատկություններից, գիտելիքներից, կամային որոշակի ձևաչափերից է կախված  նաև մեր երկրի ապագան։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ՀՀ-ն ունենա եվրոպական ժամանակակից քաղաքակրթական ամենաբարձր արժեքներին հավատարիմ, բայց էությամբ այս հողին ու ջրին նվիրված քաղաքացի»,- ասաց ԿԳ նախարարը:

Ըստ նրա` կրթական համակարգի առաջ պետք է դրվի մեկ հիմնական խնդիր՝ պետք է լինենք կա'մ սպասարկող երկիր, կա'մ արժեք արտադրենք։ Եթե ունենանք սպասարկող երկրի կարգավիճակ, ապա, Մկրտչյանի կարծիքով, հիմնականում կրթական համակարգը հումանիտարիզացվում է։ Սակայն, նախարարի համոզմամբ, մեր տարածաշրջանի դժվարություններին դիմակայելու համար պետք է կրթական համակարգում ուժ տանք բնագիտությանը։

«Պարտավոր ենք կրթական համակարգն այնպես ձևավորել, որպեսզի բնագիտական գիտությունների դոմինանտ ներկայություն լինի` հանրակրթությունից մինչև բարձրագույն ոլորտ։ Ուսանողների 70 տոկոսը հումանիտար ուղղությունն է ընտրում՝ լեզուներ, տնտեսագիտություն… Եթե այսպես շարունակվի, մենք կկորցնենք այն, ինչը ձեռք ենք բերել 80-90 տարվա լուրջ, հետևողական աշխատանքով։ Սա ենթադրում է, որ մեր կրթական ամբողջ համակարգը պետք է արմատապես վերափոխենք։ Կրթությունն իր մեջ ունի երեք կարևոր բաղկացուցիչ՝ գիտելիք, դաստիարակություն և հմտություն։ Երիտասարդը, վաղվա քաղաքացին պետք է ունենա շատ լավ գիտելիք, ունենա իր մասնագիտական հաստատումը, կարողանա հասկանալ, թե դա ինչի համար է, որը դաստիարակության բլոկի մեջ ենք ներառում, և նա պետք է ունենա հմտություններ, որպեսզի դիմանա աշխարհի պայմաններին։ Այս «եռանկյունի»-ն հանրակրթության մեջ պետք է հավասարապես բաշխված լինի»,- ասաց նախարարը:

Նրա ներկայացմամբ` մեր կրթակարգի ամբողջ իմաստը հենց դրանում է՝ միջառարկայական կապեր, կրթական տարբեր կարգապահություններ, հմտություններ, քաղաքացիական, բնապահպանական, ֆինանսական կրթություն։ Սակայն, ըստ Մկրտչյանի, պետք է կարողանանք զանազանել գիտելիքը հմտություններից, և այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ մենք հմտությունները դարձրել ենք առարկաներ, դրանք մտցրել դպրոցական ծրագիր` ի հաշիվ բազային առարկաների:

«Արդյունքում` ստեղծել ենք մի վիճակ, որ երեխան չի կարողանում իր տնային աշխատանքը կատարել, և ոչ էլ ուսուցիչն է կարողանում իր ժամը ճիշտ օգտագործել։ Դրա հիման վրա փորձել ենք դասագրքեր գրել և ամեն ինչ խառնվել է իրար: Մեր բարեփոխումներն ուղղված են նրան, որ ամեն ինչ դասակարգենք և իր տեղը դնենք: Հարկավոր է առարկաների մեջ հմտությունները դարձնել ոչ ավելին, քան 20 տոկոս։ Մենք հիմա միջառարկայական կապերի միջոցով փորձում ենք կրթական համակարգի բուրգը ձևավորել։ Մինչև սեպտեմբերի 15-ը կլինի կրթության զարգացման` մինչև 2030 թվականի ծրագիրը, որն ունի իր ամբողջական հայեցակարգը՝ սկսած նրանից, թե ի՞նչ նպատակի է ծառայելու կրթությունը, ի՞նչ խնդիրներ է լուծելու երկրում, մինչև կրթական ոլորտի հիմնական ուղղվածությունները»,- նշեց Մկրտչյանը։