կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-30 14:00
Հասարակություն

Կրթական ծրագրերը կենսունակ են մեծ շուկաների պահանջարկի համատեքստում. Լևոն Մկրտչյան

Կրթական ծրագրերը կենսունակ են մեծ շուկաների պահանջարկի համատեքստում. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար  Լևոն Մկրտչյանը   Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներկա է գտնվել գիտխորհրդի ընդլայնված նիստին, որտեղ քննարկվել են  ՀՀ կառավարության՝  ագրոկրթության զարգացման հանձնարարականի շրջանակում ագրոմասնագիտությունների ցանկի և կրթական ծրագրերի վերլուծությանն ու վերանայման  առնչվող մի շարք հարցեր:

Համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանի զեկուցմամբ՝ վերջին երկու շաբաթների ընթացքում բուհում կազմակերպվել են ակտիվ քննարկումներ՝ ներգրավելով ոլորտի խոշոր գործատուներին: Ձևավորվել են համապատասխան առաջարկություններ, որոնք  ներկայացվելու են ՀՀ կառավարություն:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի համար գյուղատնտեսության ոլորտի և ագրոկրթության զարգացումը գերակա նշանակություն ունի. «Ագրարային համալսարանի վրա բավականին մեծ պատասխանատվություն է ընկնում՝ սկսած ագրոկրթությունից, վերջացրած  այս ոլորտում  գիտական  նորարարությունների ներմուծումը: Մեր հիմնական խնդիրն աշխատաշուկայի ագրոկրթության պահանջների համապատասխանեցումն է և մենք պետք է լուծումներ գտնենք: Մենք կարող ենք մարզերում ներդնել ագրոդպրոցի գաղափարը, որի հաջողված փորձը մի քանի օրինակով արդեն ունենք»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ագրոկրթության  որոշ  մակարդակներ պետք է հասանելի լինեն նաև հասարակության լայն շերտերին:

«Ես, որպես կրթության և գիտության նախարար, ագրարային համալսարանից ակնկալում եմ նաև միջին մասնագիտական և արհեստագործական կրթության համակարգում ագրոմասնագիտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրերի իրագործում՝ առավել որակյալ գյուղատնտեսական կադրեր պատրաստելու հեռանկարով»,- նշել է  նախարարը՝ շեշտելով  աշխատաշուկայի և գործատուների հետ սերտ համագործակցության և ընդհանրապես ագրոմասնագիտությունների մրցունակ պահանջարկի ձևավորման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով կրթական ծրագրերի զարգացմանը՝ նախարարը շեշտել է, որ մասնագիտությունների ճիշտ  և ֆունկցիոնալ նկարագրությունը բոլոր բուհերի, այդ թվում նաև ագրարային համալսարանի կարևոր հիմնախնդիրներից է. «Երբ մենք ասում ենք՝  պետք է հստակեցնել տվյալ մասնագիտության տեղն ու դերը աշխատաշուկայում, ապա  որպես աշխատաշուկա չենք կարող դիտարկել  միայն Հայաստանի աշխատաշուկայի ֆիզիկական ծավալները: Վստահաբար կրթական  ծրագրերն ավելի կենսունակ կարող են  լինել միայն ավելի մեծ շուկայի պահանջարկի համատեքստում: Այդ իմաստով կրթական ծրագրերի զարգացումը տարածաշրջանային և միջազգային կրթական  համագործակցության  ձևաչափով  ավելի արդյունավետ կարող է լինել»,- նշել է ԿԳ նախարարը՝ հավելով, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և  Գերմանիայի Դաշնային Հանրապետության  Բավարիա երկրամասում գտնվող Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի համատեղ կրթական ծրագիրն այդ տեսանկյունից հաջողված փորձ է:

Հանդիպման մասնակիցները մի շարք  հարցեր են ուղղել ԿԳ նախարարին, որոնք վերաբերել են կրթության և գիտության ոլորտում ընթացող բարեփոխումների գործընթացներին՝ սկսած ավագ դպրոցների ավարտական քնությունների անցկացման նոր կարգից, մինչև  բարձրագույն կրթության մասին օրենքում նախատեսվող փոփոխությունները:

Գիտխորհրդի ընդլայնված նիստին մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչներն ու պրոֆեսորադասխոսական անձնակազմի ներկայացուցիչները:

ՀՀ ԿԳՆ