կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-19 18:03
Հասարակություն

Եզդի համայնքի կրթական բոլոր հարցերն անպայման լուծումներ են ստանալու. Լևոն Մկրտչյան

Եզդի համայնքի կրթական բոլոր հարցերն անպայման լուծումներ են ստանալու. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում եզդի համայնքի ներկայացուցիչներին` Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ: Նախարարը նշել է, որ վաղուց էր հասունացել նման հանդիպում կազմակերպելու գաղափարը, որպեսզի հնարավորություն լինի քննարկել եզդի համայնքի կրթական հիմնախնդիրները: 

"Ուզում եմ վստահեցնել, որ ի դեմս մեզ` ունեք աջակից և բարեկամ նախարարություն: Պետական քաղաքականություն է` հնարավորինս աջակցել ազգային փոքրամասնություններին և փոքր ժողովուրդներին: Ինչպես արտերկրում են աջակցում մեր հայրենակիցներին, այնպես էլ մենք պետք է աջակցենք մեր բարեկամ եզդի ժողովրդին: Մեր երկու ժողովուրդներն էլ` որպես փոքր ազգեր, կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առջև, հետևաբար պետք է միասին լինենք` դրանց դիմակայելու և մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը պահպանելու համար:

Եզդի համայնքի բոլոր հիմնախնդիրները համայնքի ներկայացուցիչը կարող է բարձրաձայնել նախարարին կից հասարակական խորհրդի նիստին` որպես այդ խորհրդի անդամ` այդպիսով դառնալով համայնքի խոսնակը",-նշել է նախարարը և հավելել. "Առհասարակ, եթե համայնքում կա կոնկրետ կրթական հարց, ապա պետք է դրան անպայման լուծում տրվի":

 Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանն իր երախտիքի խոսքն է ուղղել ՀՀ կառավարությանը` նշելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ այդքան մեծ կրթական հնարավորություններ են ընձեռվել եզդի համայնքին:

"Մասնավորապես, ՀՀ 50 դպրոցում ուսուցանվում է եզդիերեն լեզու և գրականություն, որը մեր պատմության, մեր ժողովրդի գոյատևման համար շատ կարևոր է: Միայն Հայաստանում է, որ մենք կարողացել ենք ստեղծել գիր-գրականություն, մայրենի այբբենարան, հաղորդաշար, թերթ և այլն: Հետևաբար մենք գնահատում ենք պետության ողջ օժանդակությունը և շատ շնորհակալ ենք դրա համար",-նշել է Եզդիների ազգային միության նախագահը` բարձրացնելով եզդի ուսուցիչների վերապատրաստումների թվի ավելացման, ԵՊՀ-ում եզդիերեն դասավանդելու հնարավորության, դասագրքերի, դպրոցներում եզդիերենի դասընթացներն ավելի արդյունավետ դարձնելու խնդիրները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել պարբերաբար կազմակերպել նման հանդիպումներ: 
"Եզդիերեն" և "Եզդի գրականության" զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Եզդիների ազգային միության նախագահ, "Եզդիերեն" և "Եզդի գրականություն" դասագրքերի համահեղինակ Ազիզ Ամարի Թամոյանը և ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի Եզդիերեն հաղորդման ղեկավար, "Եզդիերեն"  և "Եզդի գրականություն" դասագրքերի համահեղինակ Հասան Մախմուդի Թամոյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` "Ոսկե հուշամեդալով":

Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար մանկավարժներ Օմար Հասանի Այիբյանը և Սանամ Խդրի Ավդալյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով, իսկ Ժենիկ Զորաբի Բրոյանը, Գյուլփերի Քյարամի Թամոյանը, Ռոստամ Քյամիլի Հասանյանը և Ազիզ Սայիդի Մուրադովը` ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով: