Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քվեարկության էր դրվում կառավարության կողմից ներկայացված` «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա, դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, ով ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համագործակցությունը որակել էր որպես քաղաքական գործարք, ասաց. «Քաղաքական գործարք կատարվեց 1995-1996թթ.-ին, երբ հանցավոր համաձայնության դաշտում կասեցվեց Դաշնակցության գործունեությունը: Իսկ մենք համագործակցում ենք Դաշնակցության հետ: Մենք մեկ այլ ֆորմատ էլ ունեինք, որ ցանկանում էինք 2017-ից հետո համագործակցել նաև ձեզ հետ, բայց ցավում եմ, որ, նայելով ձեր վարկանիշին, ժողովուրդը կկասեցնի ձեր մուտքը ԱԺ, և մենք կարող է չհասցնենք իրագործել մեր այդ նպատակները»:
Վահրամ Բաղդասարյանը բացատրեց, թե ինչ է նշանակում քաղաքական համագործակցություն, այն լինում է տարբեր ֆորմատներով, այնինչ շատերը, համագործակցություն ասելով, հասկանում են միայն պաշտոններ ստանալը:
«Համագործակցությունն ավելի լայն գաղափար է մեզ համար. մենք կարող ենք համագործակցել` անտեսելով այդ պաշտոնները: Այստեղ խոսվեց, թե ինչու արագ չենք հայտարարում կոալիցիայի մասին: Մենք ձեր համբերությունն ենք փորձում: Համբերեք, բոլորիդ էլ կլինեն առաջարկություններ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով` այսօր, երբ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանը դարձել է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր, ենթադրվում է համագործակցություն: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, թե մենակ էլ խնդիր չեն ունեցել, սակայն այսօրվա Սահմանադրությունը թելադրում է համագործակցություն, և որ Հանրապետականը բոլորի հետ էլ համագործակցելու է 2017–ից հետո:
«Երբ կոալիցիա էր ձևավորվում ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի հետ, այդ ժամանակ քաղաքական համագործակցության արդյունքում ստեղծվեց արտակարգ իրավիճակների նախարարությունը, որի նախարար դարձավ Մհեր Շահգելդյանը: Այսօր էլ քաղաքական համագործակցության շրջանակում առաջացել է նախարարությունների տարանջատման խնդիրը: Ի՞նչ է, այսօր մենք պետք է պատասխանատվությունը կրենք, դուք կառուցվածքային փոփոխություններ անեք, մենք էլ համաձայնե՞նք: Մենք միասին պետք է որոշենք, որն է նպատակահարմարությունը երկրի զարգացման համար: Համոզված եղեք` բոլորս գնալու ենք համագործակցության` ընդդիմախոսների հետ` առանձին ֆորմատով, համախոհների հետ` առանձին ֆորմատով: Խորհրդարանական մոդելը ենթադրում է համագործակցություն»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ ելույթների մի մասն իրեն հիշեցրեց «աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց՝ խակ է» առակը: