Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը լսումներ էր կազմակերպել` «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով:
Նշենք, որ լսումներն ընթացան որոշ տեսակետների բախման մթնոլորտում: Մասնավորապես` ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը պնդում էր, թե ԵՄ զեկույցը Հայաստանի մասին չի արտացոլում իրականությունը, քանի որ մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում Հայաստանը հետընթաց է ապրում:
Բոլոր առարկություններին ու հարցերին անդրադարձավ ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տրայան Հրիսթեան` ասելով, որ ԵՄ զեկույցը Հայաստանի մասին նպատակ չունի ներկայացնել Հայաստանի սոցիալ-քաղաքական զարգացումների պատկերը, այլ ներկայացնում է այն, թե ինչպես է ԵՄ-ն իրականացնում իր գործողությունների ծրագիրը Հայաստանում: «Առաջընթացը, որը տեղի է ունեցել Հայաստանում, չի նշանակում, որ ԵՄ-ն պետք է դրա հիման վրա ընդհանուր քաղաքական կամ տնտեսական վերլուծություն անի»,- ասաց նա:
Զուրաբյանին անդրադառնալով` Տրայան Հրիսթեան ասաց. «Մենք չենք ցանկանում ձեր ներքին քաղաքական բանավեճի գործիք դառնալ: ԵՄ-ն Հայաստանում է՝ աջակցելու այն ծրագրերին, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին»:
Դեսպանը հավելեց, որ ԵՄ-ն երբեք չի վիճարկել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, և սեպտեմբերի 3-ին ԵՄ-ն հայտարարեց, որ հարգում է Հայաստանի ինքնիշխան ընտրությունը և կհամագործակցի Հայաստանի հետ ապագայում էլ: Նրա խոսքով՝ Ռիգայի գագաթաժողովը նշանաձող է, որը ցույց կտա, թե որ երկիրը որտեղ է գտնվում, և ինչպես կարող են հետայսու աշխատել, նաև` թե ԵՄ-ն ուր է ուղղելու իր աջակցությունը, դիվանագիտական ջանքերը:
«Մեծ առաջընթաց ունենք Վիլնյուսից Ռիգա ընկած ժամակահատվածում, որով Հայաստանի ու ԵՄ-ի դիրքորոշումներն ավելի ու ավելի են մոտենում իրար: Ռիգայից նոր պայմանագրային հարաբերություններ ենք սպասում, չէի վախենա ասել, որ երկար կտևեն բանակցությունները»,- ասաց Տրայան Հրիսթեան:
Դեսպանը խոսեց նաև Հայաստանին տրվող բյուջետային դրամաշնորհների մասին` ասելով, որ ԵՄ-ն այս հարցում ապավինում է ԱԺ-ին, որովհետև ԱԺ-ն ու ՎՊ-ն պետք է հսկեն, թե ինչպես են օգտագործվում ԵՄ-ի կողմից ստացվող գումարները:
«Ձեր ընտրողները, որոնք ձեզ խորհրդարան են ուղարկել, պետք է իմանան, թե ինչ է իրենից ներկայացնում ԵՄ-ն, ինչ օգուտներ կարող է տալ ԵՄ հետ համագործակցությունը»,- շեշտեց ԵՄ դեսպանը: