կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-12 16:23
Քաղաքական

Այդ հարցի շուրջ քննարկումներ չենք ծավալել. Բաղդասարյանը՝ 2018 թվականին վարչապետի թեկնածուի մասին

Այդ հարցի շուրջ քննարկումներ չենք ծավալել. Բաղդասարյանը՝ 2018 թվականին վարչապետի թեկնածուի մասին

Մեկ տարվա կտրվածքով դրված մոտեցումները, թիրախավորումները մենք դրական ենք գնահատում. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ամփոփելով Կարեն Կարապետյանի վարչապետության 1 տարին:

«7 ամսվա ընթացում 6.2 տոկոս տնտեսական ակտիվություն կա, արտահանման աճ կա, տուրիզմի աճ կա, իսկ սա այն պայմաններում, երբ ՀՀ-ի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված»,- ասաց նա:

Հարցին՝ մարդիկ զգո՞ւմ են դրական փոփոխություն իրենց կյանքում, Բաղդասարյանը պատասխանեց, որ դա բավականին նուրբ հարց է, ապա ասաց. «Մարդիկ մեկ տարվա ընթացքում չեն կարող շոշափելի արդյունք զգալ, բայց հավատի զգացում կա ապագայի նկատմամբ, այսինքն՝ կառավարության գործունեությունը հավատ է ներշնչում։ Աստված մի արասցե, հանկարծ հիասթափություն լինի: Մեկ տարին բավական չէ, որ շոշափելի զգան, մինչդեռ վերցված տեմպերը բավական են»։

Հարցին՝ հնարավո՞ր է 2018-ին ՀՀԿ-ի` վարչապետի թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը, Բաղդասարյանը պատասխանեց, որ նման քննարկումներ կուսակցությունում դեռ չեն եղել: «2018 թվականին վարչապետը լրիվ այլ կարգավիճակում պետք է լինի, այլ արտոնություններ կունենա, որովհետև 2018 թվականից անցնում ենք խորհրդարանական համակարգի: Սակայն այդ հարցի շուրջ քննարկումներ չենք ծավալել: Վարչապետը կատարում է իր պարտականությունները, իսկ հանրապետության ղեկավարը՝ իր: Երբ 2018 թվականին կլինի պարտականությունների տարաբաժանում, կքննարկենք ու կներկայացնենք հասարակությանը»,- շեշտեց նա:

Դիտարկմանը՝ ՀՀԿ-ում շատերն են ցանկանում, որ 2018 թվականին վարչապետը լինի Սերժ Սարգսյանը, հնարավո՞ր է՝ հաշվի առնեն նրանց ցանկությունը, Բաղդասարյանը պատասխանեց. «Ենթադրություններով չենք շարժվում, բոլորն ունեն ցանկություններ, իսկ քաղաքականության մեջ ոչ բոլոր ցանկություններն են, որ բավարարվում են»: