կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-05 10:21
Տնտեսական

Այն, ինչ եղավ 2013 թվականին, դրանից վատ այլեւս հնարավոր չէ. Վարդան Բոստանջյան

Այն, ինչ եղավ 2013 թվականին, դրանից վատ այլեւս հնարավոր չէ. Վարդան Բոստանջյան

2014 թվականը, անկախ ամեն ինչից, լինելու է շատ լավ տարի, որովհետեւ, այն, ինչ եղավ 2013 թվականին, դրանից վատ այլեւս հնարավոր չէ. Yerkir.am-ին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը' ամփոփելով 2013 ու կանխատեսելով 2014 տնտեսական տարիները: Այս առումով, կարծիք հայտնեց տնտեսագետը, 2014 թվականին կլինեն ավելի տրամաբանված, հավասարակշռված մոտեցումներ:

 

Վարդան Բոստանջյանը 2013 թվականի տնտեսական պրոցեսների ֆոնին դրական դիտարկումներ հակված չէ կատարել:

 

«Համենայն դեպս չեմ կարծում, որ եթե ինչ-որ բան էլ դրական է եղել, ապա պայթուցիկ դրական բաներ չեն եղել, որ հիմա արժե դրանց մասին բարձրաձայնել: Անգամ եթե դրական ինչ-որ բաներ էլ եղել են, ապա աննշան բաներ են եղել»,- շեշտեց մեր զրուցակիցը:

 

Իսկ բացասական զարգացումների մասով էլ նա արագ-արագ թվարկեց' գազի սպառման հետ հարաբերություներում մենք ունեցանք ոչ թափանցիկություն, ավելորդ քաշքշուկ, որը, նրա կարծիքով, մինչ օրս շարունակվում է: Մասնավորապես' նշեց տնտեսագետը, պարտքային պարտավորություններ են ստեղծված, որոնց մասին հասարակությունը չգիտի, բայց այդուհանդերձ դրա հետեւանքները պետք է կրի նույն բնակիչը' հասարակությունը:

 

Հաջորդիվ' Վարդան Բոստանջյանը մեկ անգամ եւս հիշեցրեց կենսաթոշակային  ապահովության'իր իսկ բնորոշմամբ' «կամավոր-պարտադիր ռեժիմի» մասին, որը, նրա բնութագրմամբ,  ըստ էության շատ անտրամաբանական մի բան է. «ինչի՞ մասին է խոսքը' կամավոր-պարտադիր, երբ հասարակությունն ինքը հակված չէ այդ ինստիտուտին»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

 

Մյուս բացասական պրոցեսն էլ, տնտեսագետի դիտարկմամբ, միություններում հանգրվանելու ինստիտուտն էր. «Երկար տարիներ, կարծես, մեծ աշխատանքներ էին ընթանում եվրաասոցացման եւ խորն ու համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերում հանգրվան գտնելու ուղղությամբ: Այստեղ բախումն այն էր, որ մենք տվյալ դեպքում կտրուկ փոխեցինք մեր դիրքրորոշումը: Այս բոլորը թողնում են իրենց բացասական ազդեցությունն, ընդհանրապես, 2013 թվականի վրա»,- անդրադարձ կատարեց Վարդան Բոստանջյանը:

 

Վերջում նա ներկայացրեց իր լավատեսական ենթադրությունն, ըստ որի, 2014 թվականին վերոհիշյալ հարցերը հավանաբար լուծում կստանան, ու կկարողանանք ավելի լավ զարգացումների սպասել: