Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում լսումներ են ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:
Նախագիծը նախատեսում է ՀԿ-ների գրանցման դյուրություն, կամավորների ներգրավում, սահմանափակ թվով անդամներ ունեցող ՀԿ-ների ստեղծման հնարավորություն, ՀԿ-ների` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն և հաշվետվողականության հրապարակայնություն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարց ուղղեց ՀԿ-ների` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության վերաբերյալ: Նա հարցրեց` արդյո՞ք չպետք է տարբերակում մտցնել ՀԿ-ների միջև այդ հարցում, որովհետև կարող են լինել, օրինակ, իրավապաշտպան ՀԿ-ներ, որոնք չեն ցանկանա կամ չեն հասցնի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ ՀԿ-ների` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը իրավունք է, ոչ թե պարտականություն, և որ դա այդքան էլ մեծ կարգավորում չէ, որպեսզի տարբերակում մտցնեն ՀԿ-ների միջև:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հարցրեց ՀԿ-ների արդարադատության մատչելիության մասին, որը նախագծով բացակայում է, մինչդեռ հինգ տարի առաջ ՍԴ-ն որոշում է ընդունել հենց այդ իրավունքի մասով: Արդարադատության մատչելիությունը ենթադրում է, որ ՀԿ-ն կարող է իր անդամների կամ շահառուների իրավունքների պաշտպանության հարցով դիմել դատարան: «Ի՞նչն է պատճառը որ գործադիր մարմինը չի ուզում ՍԴ որոշման ոգուն և տառին համահունչ նախագիծ ներկայացնել»,- հարցրեց նա:
Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ ՍԴ այդ որոշումը լիարժեք ուսումնասիրված չէ, և որ արդարադատության մատչելիության հարցը կարգավորվում է դատավարական օրենքներով: «ՀԿ-ների՝ դատարան դիմելու իրավունքը բոլոր երկրներում էլ սահմանափակվում է, և ցանկացած ՀԿ ցանկացած հարցով չի կարող դիմել դատարան»,- ասաց նա:
Իրավապաշտպան Մերի Խաչատրյանը նույնպես նշեց, որ արդարադատության մատչելիության իրավունքը պետք է սահմանված լինի օրենքով, հատկապես` իրավապաշտպան ՀԿ-ները պետք է հնարավորություն ունենան դիմելու դատարան իրենց անդամների իրավունքների պաշտպանության հարցով:
«Եթե ՀԿ-ն իր չունի իրավունք իր անդամների շահերի հարցով դիմելու դատարան, ապա դա մտահոգիչ է: Այն, որ գործադիրը հինգ տարի է՝ չի ուսումնասիրել ՍԴ որոշումն այդ հարցով, ես ցավում եմ: Առաջարկում եմ հետաձգել օրենքի նախագծի ընդունումը ամբողջությամբ, եթե այս կարևոր իրավունքը բացակայում է»,- ասաց Մերի Խաչատրյանը:
Նա նաև հարցրեց, թե ձեռնարկատիրությամբ զբաղվող ՀԿ-ներն արդյո՞ք օգտվելու են հարկային արտոնություններից, և արդյո՞ք կամավորների աշխատանքը գրանցվելու է` որպես աշխատանքային ստաժ:
Փոխնախարարը պատասխանեց, որ բոլոր հարցերը չէ, որ այս օրենքը պետք է կարգավորի: Նա կրկնեց, որ արդարադատության մատչելիության ապահովման հարցը կարգավորվում է դատավարական օրենքներով: Արսեն Մկրտչյանի կարծիքով՝ օրենքում արդարադատության մատչելիության իրավունքի նշված չլինելը որևէ կերպ չի սահմանափակում այդ իրավունքը: Նա հավելեց, որ հարկային արտոնությունների հարց չի քննարկվել, իսկ կամավորների աշխատանքը, եթե այն տևում է հինգ օրից ավելի, կհամարվի աշխատանքային ստաժ: