|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիի ներկայությամբ ՀՀ անունից ստորագրեց Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (#TromsøConvention)։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Կոնվենցիայով ամրագրվում է պաշտոնական փաստաթղթերի հասանելիության ընդհանուր իրավունքը։ Կոնվենցիան հնարավորություն է ստեղծում չափանիշներ ներդնել ազգային օրենսդրությունում և պրակտիկայում, որոնք ապահովում են պետական կառույցների գործունեության առավել բարձր թափանցիկությունը, ինչը լավ կառավարման և իրապես ժողովրդավար և բազմակարծությամբ նշանավորվող հասարակության կարևոր ցուցանիշ է։ Այն նաև հնարավորություն է ընձեռում անհատին լիարժեքորեն իրացնել իր հիմնարար իրավունքները՝ բարձրացնելով քաղաքացու վստահությունը պետական մարմինների նկատմամբ։
Կոնվենցիան նախատեսում է նաև ազգային օրենսդրությամբ պաշտոնական փաստաթղթերի մատչելիության հնարավոր սահմանափակումներ՝ տարբեր բնագավառներում (ազգային անվտանգություն, պաշտպանություն, միջազգային հարաբերություններ) շահերի պաշտպանության նպատակով։
Կոնվենցիայով սահմանվող հանձնառությունները Հայաստանն արդեն լիովին իրականացրել է ազգային օրենսդրությամբ և պրակտիկայով: Մեր երկիրն արդեն իսկ ունի տեղեկատվության ազատության ոլորտում այլ երկրների համար օրինակելի պրակտիկա, հետևաբար, կոնվենցիային միանալով, Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ վերահաստատում է Եվրոպայի խորհրդի երկրներում պետական մարմինների գործունեության թափանցիկության և տեղեկատվության հանրային մատչելիության առաջմղման կարևորությունը և այդ հարցում ՀՀ կառավարության հանձնառությունը։