Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-07-07 11:30
Քաղաքական

Կրթության որակի ու մատչելիության բարձրացման համար բարեփոխումներ պետք է իրականացվեն. Հովիկ Աբրահամյան

Կրթության որակի ու մատչելիության բարձրացման համար բարեփոխումներ պետք է իրականացվեն. Հովիկ Աբրահամյան

Այսօր` կառավարության նիստից առաջ, վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ կրթական մի քանի հարցերի: Մասնավորապես` նշեց, որ այսօր ավելի քան պահանջված են կրթական համակարգի բարեփոխումները, կրթության որակի բարձրացումն ու դրանց համապատասխանեցումը միջազգային չափանիշներին` մատչելիության ու հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խավերի համար:

«Հստակ է, որ վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը, մատչելի, մրցունակ, հայեցի և հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական համակարգի կառուցումը, օրենսդրական դաշտի կարգավորումը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նա խոսեց դպրոցների տնօրենների նշանակման մասին՝ սկսած նրանց հավաստագրումից մինչև ընտրություն` ասելով, որ այդ գործընթացը պետք է դառնա պարզ, թափանցիկ:

Վերանայման անհրաժեշտություն ունեն նաև դպրոցների կառավարման խորհուրդների գործունեության, դպրոցների ֆինանսավորման հարցերը, ավագ դպրոցի հիմնախնդիրները, բազմաթիվ կուտակված հարցեր կան մասնագիտական կրթության ոլորտում: Վարչապետն ընդգծեց, որ ռեֆորմների անհրաժեշտություն կա բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման և դրանց գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու նկատառումով: Այդ բարեփոխումները պետք է նպաստեն բարձրագույն կրթության մատչելիության բարձրացմանը, դրանում հասարակության սոցիալապես անապահով խավերի ընդգրկմանը: Կրթության ու գիտության նախարարության կենտրոնում պետք է լինի կրթության որակի բարձրացման հարցը, երկրի զարգացման համար հույժ կարևոր մասնագիտությունների պահպանումն ու զարգացումը:

«Հանձնարարում եմ կրթության ու գիտության նախարարին` նախապատրաստել և հրավիրել հանրակրթական և բարձրագույն կրթության հիմնախնդիրներին նվիրված խորհրդակցություն և առաջարկներ ներկայացնել, ինչպես նաև կրթության որակի ու մատչելիության բարձրացման ուղղված մեխանիզմներ մշակել»,- ասաց վարչապետը: