կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-10 14:54
Հասարակություն

Հաղթողներն ավելի համառ, հետևողական, խիզախ և համարձակ են եղել

Հաղթողներն ավելի համառ, հետևողական, խիզախ և համարձակ են եղել

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մրցանակներ է հանձնել «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին:

ԿԳ նախարարը նշել է, որ մրցույթն իրականացվում է Հայաստանի գրեթե բոլոր բուհերում: Այս տարի հաղթող  են ճանաչվել մարզերի և մայրաքաղաքի 18 բուհերի 39 ուսանողներ:

«Ամեն մի բուհ իր չափանիշներով էր ընտրում լավագույն ուսանողներին: 3 տարի առաջ ԿԳՆ-ն, կարևորելով լավագույն ուսանողների բացահայտման և խրախուսման գործը, նախաձեռնեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են տարբեր բուհերի լավագույն ուսանողները»,- իր խոսքում նշել է Աշոտյանը՝ ընդգծելով, որ մրցույթի արդյունքները ցույց են տալիս երկրին և  հասարակությանը, թե ովքեր են այսօրվա հերոսները:

«Շատ ուրախ եմ, որ 100 հազար ուսանողների մեջ կարողացանք ընտրել այն 39-ին, ովքեր ճանաչվել են լավագույն ուսանող: Հաղթողներն ավելի համառ, հետևողական, նաև խիզախ և համարձակ են եղել, երբ դիմել են այս մրցույթին: Կարծում եմ, որ նրանց օրինակը պետք է ոգևորող լինի հայ երիտասարդության համար»,- նշել է նախարարը: 

«Լավագույն ուսանող»  մրցույթն իրականացվում է 2013 թվականից հետևյալ ոլորտներներում` բնագիտական,  բժշկություն, հումանիտար գիտություններ,  հասարակագիտություն,  ճարտարագիտություն, մշակույթ-սպորտ և հայագիտություն: 
Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած` ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:

Մրցույթի ներբուհական փուլը կազմակերպում են բուհերը: Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատում է ռեկտորը, որի մեջ ընդգրկվում են՝ ֆակուլտետնրի դեկաններ, ամբիոնների վարիչներ, գիտական խորհրդի, ռեկտորատի, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներ: Մինչև հոկտեմբերի 20-ը բուհերը ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացնու,մ ըստ վերոնշյալ ոլորտների և կրթական ծրագրերի, մեկական հաղթողների տվյալներ:

Երկրորդ փուլում մրցութային հանձնաժողովը հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարը, որի կազմի մեջ ընդգրկվում են՝ 3 ներկայացուցիչ նախարարությունից, 3` բուհերի ուսանողներից, 4` բուհերի մրցույթի կազմակերպիչներից և 1` Հայաստանի երիտասարդական հիմնադրամից: Հանձնաժողովը մինչև դեկտեմբերի 10-ը յուրաքանչյուր ոլորտում որոշում է 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողներին : Հղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների արդյունքներով: Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը: 

2015 թ. մրցույթում ըստ ոլորտների հաղթող ճանաչված ուսանողները պարգևատրվել են հավաստագրերով և մեկանգամյա անվանական կրթաթոշակներով` 1-ին տեղ՝ 440 հազար դրամ, 2-րդ տեղ` 228.5 հազար դրամ, 3-րդ տեղ՝ 200 հազար դրամ: