կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-21 10:31
Քաղաքական

Հաղթողներն էլ են սթրեսի մեջ. ՛՛Հրապարակ՛՛

Հաղթողներն էլ են սթրեսի մեջ. ՛՛Հրապարակ՛՛

Քեֆ անել սիրող, նախընտրական շրջանում ռեստորաններից դուրս չեկող ՀՀԿ-ն նախորդ օրը ՀՀԿ գրասենյակում Սերժ Սարգսյանին է շնորհավորել: Գրասենյակն այնքան ճոխ է, որ կարող է մրցել ցանկացած ռեստորանի հետ: ՀՀԿ-ականներն առանձնապես բարձր տրամադրություն չեն ունեցել. պատճառը ընտրությունների արդյունքներն են: Ժամուկես տեւած հավաքին մասնակցել են ոչ միայն ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, այլեւ բոլոր հայտնի պաշտոնյաներն ու գործարարները: Միակ թեման է եղել' ինչո՞ւ այդպես եղավ. թվարկել են բազում պատճառներ. ՀՀԿ-ականների «դինջությունը», փողի անհավասար «բաշխումը»:

 

Իր աղբյուրներին հղում անելով՝ գրում է «Հրապարակ»-ը եւ հավելում. «Քարոզչությունն էս անգամ էն չէր, խոհրդարանական ընտրություններին, երբ Գագոն կար, տուն-տուն, թաղ-թաղ անցնում էինք, մտածել էինք' Րաֆֆին ախպար է, շատ ձայն չի ունենա, բողոքական եւ մյուս ոչ ավանդական եկեղեցիների ներկայացուցիչների քանակը հաշվի չէինք առել»,- հավաքի մթնոլորտը ներկայացրեց մասնակիցներից մեկը:

 

ՀՀԿ-ի համար ամենաաբսուրդայինը եղել է Կապանում պարտությունը. այնտեղից պատգամավոր է Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին: Վերջինս ՀՀԿ շտաբի պետն էր եւ մեծ ազդեցություն ունի Սյունիքում, սակայն անգամ  Քաջարան քաղաքում Սերժ Սարգսյանն աննշան տարբերությամբ է հաղթել Րաֆֆիին: «Հաշվի առեք, որ Կապանում միջին աշխատավարձը մոտ 400 հազար դրամ է, ու իշխանություններն այնտեղ պարտվում են. աբսուրդային է»,- արձանագրեց մեր զրուցակիցը: Սերժ Սարգսյանն էլ իր խոսքում ասել է' գիտեմ, որ մարդիկ կան այստեղ, որոնց արդյունքները չեն գոհացնում, բայց սրան նույնպես պետք է պատրաստ լինեինք, որովհետեւ սոցիալական վիճակը երկրում էն չէ: