կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-22 18:32
Սպորտ

Բռնցքամարտ. հայտնի են Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները

Բռնցքամարտ. հայտնի են Վաչիկ Մկրտչյանի անվան  մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները

«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հայկական բռնցքամարտի երախտավորներից մեկի ՝ Խորհրդային Միության արծաթե մեդալակիր, Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը, որն այս անգամ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին: Այսօր կայացան եզրափակիչ մենամարտերը:
49
կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը, ով եզրափակչում պարտության մատնեց Արտյոմ Ալեքսանյանին: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակակիր դարձան «Հայաստան» մարզական միությունը ներկայացնող Դավիթ Սարգսյանը և «Տորք Անգեղ» ակումբի սան Հարություն Հարությունյանը:
52
կգ քաշային կարգի հաղթողի տիտղոսը վիճարկեցին այս քաշային կարգի մեր երկու ուժեղագույն բռնցքամարտիկները՝ Նարեկ Աբգարյանը և Կորյուն Սողոմոնյանը: Դժվարին պայքարում եզրափակիչ մարտը շահեց Կորյուն Սողոմոնյանը: Այս քաշային կարգի բրոնզե մեդալներին արժանացան Բարեղամ Հարությունյանը և Դավիթ Հովհաննիսյանը: 
Գեղեցիկ ստացվեց հատկապես 56 կգ քաշային կարգի եզրափակիչը, որտեղ Էրիկ Պետրոսյանը առավելության հասավ Արսեն Պողոսյանի նկատմամբ: 56 կգ քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Հենրիկ Մոքոյանն ու Գառնիկ Հարությունյանը: 
60
կգ քաշային կարգում անակնկալ մատուցեց Գեղարքունիքի մարզը ներկայացնող Սամվել Բարսեղյանը, ով եզրափակչում հաղթեց Հայաստանի չեմպիոն փորձառու Արթուր Վարդանյանին: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակին արժանացան Ժորա Համազարյանը և Արթուր Ներսիսյանը: 
64
կգ քաշային կարգում հաղթեց գյումրեցի Հովհաննես Բաչկովը: Վերջինս եզրափակչում առավելության հասավ «Օլիմպիական հերթափոխ»- ի քոլեջի սան Արթուր Քիրաջյանի նկատմամբ: 64 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Վահե Սարգսյանը և Շավարշ Սողոյանը: 
69
կգ քաշային կարգում միմյանց հետ մրցեցին այս քաշային կարգի Հայաստանի 1-ին և 2-րդ համարները՝ Վլադիմիր Մարգարյանն ու Արման Դարչինյանը: Դժվարին պայքարում մարտը շահեց դինամոյական Վլադիմիր Մարգարյանը: Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Լեո Պապյանը և Ռաֆայել Բարսեղյանը:
75
կգ քաշային կարգում կարելի է ասել մրցակցությունից դուրս էր Հայաստանի չեմպիոն, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող Արման Հովհիկյանը, ով իր բոլոր մենամարտերն ավարտեց ժամանակից շուտ: 75 կգ քաշային կարգում արծաթե մեդալի արժանացավ դինամոյական Արթուր Սարգսյանը, իսկ 3-րդ մրցանակակիրներ դարձան Գագիկ Բոյանն ու Արեստակ Ալոյանը: 
81
կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Նիկոլ Արությունովը, ով եզրափակչում համառ պայքարում մեծ դժվարությամբ առավելության հասավ Վազգեն Շահվերդյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Արամ Ջավադյանն ու Լևոն Բաբայանը: 
91
կգ քաշային կարգում Գյումրին ներկայացնող Հենրիկ Սարգսյանը պարտության մատնեց վանաձորցի Ռաֆայել Սիմոնյանին և արժանացավ գլխավոր մրցանակին: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակակիրներ դարձան Ռազմիկ Հարությունյանն ու Արթուր Համբարձումյանը: 
Եվ վերջապես գերծանր քաշային կարգ: Այստեղ եզրափակչում միմյանց հետ մրցեցին Մելքոնյան եղբայրները՝ Հակոբն ու Նարեկը: Ինչպես և սպասվում էր՝ հարազատ եղբայրները ռինգում խնայեցին միմյանց, ինչի արդյունքում մրցավարները բացառություն արեցին և արձանագրեցին ոչ-ոքի: Գերծանր քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին դինամոյական Ազատ Դավթյանը և «Հայաստան» մարզական միությունը ներկայացնող Արկադի Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: