կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-05 16:30
Մշակույթ

Քանդելուց հետո ախուվախ անելը լավ է ստացվում. Արամի 30 շենքը կներառվի «Հին Երևան»-ում

Քանդելուց հետո ախուվախ անելը լավ է ստացվում. Արամի 30 շենքը կներառվի «Հին Երևան»-ում

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հավաստմամբ` Արամի 30 շենքը կներառվի «Հին Երևան» ծրագրում: Ավելին` նախօրեին էլ նա ԱԺ-ում նշել էր, թե. «Անշուշտ, կարող էր շենքը գիշերային ձևով չքանդել (կառուցապատողը.- խմբ.), որովհետև այն կարող էր գոնե առայժմ մնալ` մինչև դրա ճակատագիրը որոշվեր»:

Ժողովրդական մի լավ խոսք կա` «Գնա` մեռի, արի` սիրեմ»: Իմ խորին համոզմամբ` սա միայն մեր ժամանակակից մտավորականների դեպքում էր գործում. բոլորին մահից հետո կլոր հոբելյաններին ենք հիշում, բայց, փաստորեն, այն կիրառելի է նաև քաղաքաշինության ոլորտում:

Շենքը քանդում են ու հայտարարում` կարող էր առայժմ մնալ: Գուցե որոշ ժամանակ անց նաև խոստովանե՞ք` այն երևանցիների համար արժեք ունեցող շենք էր: Շենքը քանդելուց հետո մեղա եք գալիս, որ ի՞նչ… Ճարտարապետ Լևոն Իգիթյանի բառով ասած` «ղալմաղալ» անողների՞ց եք վախենում: Ձեր վախի մեջ ամոթ չկա, ձեր վախի մեջ վստահություն էլ չկա, որ հաջորդ շենքն էլ չեք քանդի ու ասեք` այն կարող էր մնալ:

Որոշումը, որ շենքը «Հին Երևան» ծրագրում է ներառվելու, փաստում է, որ ընդունում եք ձեր սխալը, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ հետագայում ավելի զգոն եք լինելու:

«Շենքը կարող էր գոնե առայժմ մնալ` մինչև դրա ճակատագիրը որոշվեր»,- ասում է Նարեկ Սարգսյանն ու այնքան անկեղծ, սրտացավ է հնչում, որ մի պահ մտքովդ անցնում է` կարո՞ղ է դրա քանդման որոշումը իրենք չեն կայացրել:

Շենքի ճակատագիրը չորոշած` քանդում եք, ու ոչ մի երաշխիք չկա, որ մի օր կարթնանանք, ու Երևանը քանդած չեք լինի, մեկ է` քանդելուց հետո ախուվախ անելը լավ է ստացվում: Մնում է միայն հույսներս դնենք մեզ` «ղալմաղալ» անողներիս վրա:

Ի դեպ, այս կամ այն դեմքերի` Արամի 30-ի հետ կապված մեկնաբանությունները զավեշտալի են: Ներկայացնենք դրանցից ամենաուշագրավները:

 

Ճարտարապետ, Արամի 30 հասցեի ետնամասում կառուցվող շինության նախագծի հեղինակ Աշոտ Ալեքսանյան

Արամի փողոցը պատկերասրահի կողմից ունի անհարմար մայթ, որից չեն կարող օգտվել ծերերն ու սայլակով մարդիկ, քանի որ կան աստիճաններ: Մենք, այդ մասին մտածելով, նաև` տրանսպորտի վիճակը հաշվի առնելով, այսինքն` այն, որ տրանսպորտը հրապարակում «վխտում է», որոշել ենք ընդլայնել փողոցը և հեռացնել թանգարանի թիկունքից` ստեղծելով լրացուցիչ, սովորական թեք մայթ, որից կարող են օգտվել հասարակության բոլոր խավերը: Արամի փողոցը լայնանալու է` այն կլինի 7 մետր:

Ցանկացած քար, որ դրված է իմ նախորդի կողմից, արժեք է ինձ համար: Ցավում եմ:

Ամեն ինչը չէ, որ պետք է պահենք: Մենք ոչինչ չենք քանդում, մենք քանդողների բրիգադ չենք, մենք կառուցող ենք:

 

Ճարտարապետ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցություն անդամ Լևոն Իգիթյան

Պատահական ոչ մի բան չի արվում, և եթե մի ժողովուրդ նման շինությունը համարում է արժեք, ես ցավում եմ այդ ժողովրդի համար:

Ես մինչև հիմա չեմ հասկացել` հայերի արժեքը ո՞րն է: Զվարթնոցի մասին խոսեք, Հռիփսիմեի մասին խոսեք, եթե ուզում եք մի բանի համար պայքարեք` լավ թիրախ ընտրեք, գնացել` էդ սառայից (сарай) եք կպել: Հասկանում եմ` երիտասարդները ղալմաղալ անելու, ընդդիմադիր երևալու ցանկություն ունեն:

 

Տարածքում հյուրանոցային համալիր կառուցողը և ներդրում կատարողը` Ավետիս Կարագուլյան

Չեմ իմացել, որ Արամի 30 հասցեում գտնվող շենքը հուշարձան է, այն ինչ-որ արժեք ունի քաղաքի, երևանցիների համար:

Խնդիրն ինձնով չի սկսվում և ինձնով վերջանում  /պատասխանելով հարցին, թե ժամանակին, երբ ստեղծվեց «Արամի 30» հասարակական շարժումը և բազում քաղաքացիներ բողոքի ակցիա էին անում շենքի պահպանման համար, այդ ժամանակ է՞լ չի իմացել, որ շենքն արժեք է Երևանի, երևանցիների համար/:

Շենքը կեսգիշերին քանդեցինք, քանի որ վախենում էինք, որ ակտիվիստները դարձյալ կխոչընդոտեին մեր աշխատանքին:

 

Կարինե Հարությունյան