Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բունդեսթագի կողմից երեկ ընդունված բանաձևը մեզ համար խիստ կարևոր է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Ըստ նրա` այն ունի մի շարք առանձնահատկություններ: Այսպես` Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակից երկիր է եղել և փաստացի ընդունեց իր մեղսակցությունն ու մասնակցությունը: Բանաձևի մեջ գրված է «հանցակից» բառը, և սրանով, ըստ էության, Գերմանիան Թուրքիային դատապարտեց` համարելով հիմնական մեղավոր:
Բանաձևով` դպրոցական ծրագրերում ներկայացվելու է Հայոց ցեղասպանությունը: Սա ևս, ըստ Պապյանի, շատ կարևոր հանգամանք է, ընդ որում` բանաձևը Հայոց ցեղասպանությունը ներկայացվում է որպես նախադեպային օրինակ:
Պապյանը համոզված է, որ այս բանաձևը անդրադարձ կունենա գերմանա-թուրքական հարաբերությունների վրա: Թեպետ Թուրքիան հիմա սպառնում է Գերմանիային, բայց տուժող կողմը նա է: Ըստ էության` Թուրքիան Գերմանիային ոչինչ չի կարող անել:
Պապյանը նաև նշեց, որ այս բանաձևը կարող է ազդել մյուս եվրոպական երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքականության վրա: Այսինքն` նրանք կարող են փոխել իրենց դիրքորոշումն այս հարցում:
Բանաձևի ընդունումը Պապյանը կապեց միգրանտների խնդրի հետ: Քանի որ Թուրքիան շատ էր այս հարցով ճնշում գործադրում Եվրոպայի, մասնավորապես` Գերմանիայի վրա` որպես հիմնական ֆինանսավորող երկրի:
Ըստ նրա`բացի Ցեղասպանության ճանաչումից, Հայաստանը պետք է դնի հատուցման խնդիր: «Մեր նպատակը պետք է լինի հատուցման և տարածքային հատուցման հասնելը»,- ասաց Պապյանը:
Լարիսա Ալավերդյանը ևս կարևորեց այս բանաձևի ընդունումը: Նա հավելեց, որ Թուրքիան վերջապես պետք է առերեսվի իր պատմության հետ: Լարիսա Ալավաերդյանը չընդունեց Հայաստանում շրջանառվող այն կարծիքը, թե փաստաթուղթն ընդունվել է ոչ թե հանուն Հայաստանի, այլ Թուրքիայի դեմ: Նա համոզված է, որ աշխարհում կա այն խավը, որը հանուն մարդկության ինչ-որ բան կարող է անել: Ալավերդյանը փաստաթղթի ընդունումը համարեց բարոյական քայլ:
Yerkir.am –ի հարցին` արդյո՞ք Հայաստանի դերը բանաձևի ճանաչման գործում զրոյական է, Արա Պապյանը կարևորեց Հայաստանի դեսպանի դերը, իսկ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ դա տեղի է ունեցել միջավայրի և տարածաշրջանային նպաստավոր պայմանների շնորհիվ: