Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-02-02 13:13
Քաղաքական

Ադրբեջանը փորձեց «այրված սրտի մխիթարանք» գտնել. Էդվարդ Նալբանդյան

Ադրբեջանը փորձեց «այրված սրտի մխիթարանք» գտնել. Էդվարդ Նալբանդյան

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ամփոփեց երկրի դիվանագիտության աշխատանքը 2015 թվականին:

Լրագրողները հարցրեցին վերջին օրերի արտաքին քաղաքական կարևոր իրադարձություններից մեկի` ԵԽԽՎ նիստում ԼՂ հիմնախնդրին առնչվող երկու հակահայ զեկույցների քննարկման ու քվեարկության մասին` արդյո՞ք այդ քվեարկությունն անակնկալ էր:

ԱԳ նախարարը նախ հիշեցրեց ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը` ասելով, որ այն չէր կարող որևէ մեկի համար անակնկալ լինել, այն պարզ պատճառով, որ ՄԽ-ն ԼՂ կարգավորման գործում միակ` միջազգային մանդատ ունեցող ձևաչափն է: Նալբանդյանի խոսքով` ՄԽ եռանախագահները բազմիցս են արտահայտվել, որ հարցն այլ ձևաչափեր տեղափոխելը ոչ միայն կարող է չնպաստել, այլ կարող է վնասել հիմնախնդրի կարգավորմանը:

«Կարծում եմ` Ադրբեջանի համար էլ սա անակնկալ չէր կարող լինել: Ուրիշ բան է, որ Ադրբեջանը դժգոհ էր, որովհետև այդ հայտարարությունն առաջին հերթին ուղղված էր հենց Ադրբեջանին: Հենց Ադրբեջանն է ցանկանում ԼՂ կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ: Ինչ վերաբերում է Հայաստանին, մեր դիրքորոշումը հայտնի է միջազգային հանրությանը, և լավ է, որ ԵԽԽՎ պատգամավորները թույլ չտվեցին` գոնե Ուոլթերի բանաձևն անցնի, այսինքն` քվեարկեցին ԼՂ խաղաղ կարգավորման օգտին»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցի ընդունմանը, նա ասաց, որ այն ուներ տեխնիկական բնույթ և քննարկվում էր ոչ թե քաղաքական, այլ սոցիալական հանձնաժողովում, թեև զեկուցողը ցանկացել էր որոշ քաղաքական ձևակերպումներ մտցնել զեկույցի մեջ: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ զեկուցողն անգամ չի այցելել Սարսանգի ջրամբարի վայր` չնայած բազմաթիվ հրավերներին:

«Որ ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևերը թղթի կտոր են, ամենաբարձր մակարդակով հայտարարել է Ադրբեջանը, դա դեռ մենք չենք ասում: Ամեն դեպքում պետք չէ ուռճացնել այդ փաստաթղթերի նշանակությունը: Ադրբեջանը միտումնավոր անում է ամեն ինչ, որ վնաս հասցնի եռանախագահների ջանքերին, որովհետև այդ ձևաչափի պարագայում է, որ Ադրբեջանը չի կարողանում իր միակողմանի փաստարկները տեղ հասցնել և փորձում է նման փաստաթղթերի միջոցով ինչ-որ մխիթարություն գտնել, այսպես ասած` այրված սրտի մխիթարանք գտնել»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: