կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-06 17:06
Մշակույթ

Երաժշտությունը մխիթարանք է ինձ համար. Տիգրան Մանսուրյան

Երաժշտությունը մխիթարանք է ինձ համար. Տիգրան Մանսուրյան

Վաղը «Mezzo»-ում տեղի կունենա մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանսուրյանը նշեց, որ դա նման ֆորմատով իր առաջին երեւանյան համերգն է: Ըստ նրա` երեկոն ավելի շատ հանդիսատեսի հետ զրույց է լինելու, կարող է նաեւ հարցուպատասխան լինել, իսկ մաեստրոն յուրաքանչյուր ստեղծագործությունից առաջ կպատմի դրա ստեղծման պատմությունը:

 

«Սա, կարելի է ասել, իմ եւ ընկերներիս հետ համատեղ խմբանկար է լինելու: Ես, առհասարակ, նվազ հաղորդակից եմ նման միջոցառումներին, քանի որ հիմնականում դասական երաժշտություն եմ գրել, սակայն քանի որ համերգային ծրագրում պետք է ընդգրկվեն նաեւ հայտնի ֆիլմերից երաժշտություններ, ուստի եւ համաձայնեցի մասնակցել»,- ասաց Մանսուրյանը` հավելելով, որ կինոյի աշխարհը չափազանց գրավիչ է իր համար, եւ եթե ժամանակին չես կարողանում կանգ առնել, ապա, ըստ մաեստրոյի, այն կկլանի քեզ:

 

Մանսուրյանը կինոյի համար ստեղծագործություններ գրել է 1964-1985թթ., եւ վերջին շրջանում այլեւս առաջարկներ չի ստացել` ֆիլմերի համար երաժշտություն գրելու, ինչը, ըստ նրա, հիանալի է, քանի որ մերժել չի սիրում. «Մերժելը մի բան չէ. ես այդպես էլ մարդկանց մերժել չսովորեցի: Կոնսերվատորիայի չորրորդ կուրսի ուսանող էի: Փաստագրական ֆիլմերի ռեժիսոր կար, առաջարկեց երաժշտություն գրել, գրեցի, որով էլ մուտք գործեցի կինոաշխարհ»:

 

Ըստ կոմպոզիտորի` սովորաբար իրեն ճանաչում են հենց կինոյի համար գրված իր ստեղծագործություններով:

 

«Երաժշտությունն իմ տառապանքն է: Ոմանք կարծում են, թե շեդեւր գործերը ծնվում են ձեռքի մեկ շարժումով, իսկ մյուսները մտածում են, որ այն տառապալից գործ է: Իմ դեպքում երկրորդն է: Գեղարվեստական մեկ կատարյալ մարմին ստեղծելը գրեթե անհնարին մի բան է»,- ասաց Մանսուրյանը:

 

Նա նշեց նաեւ, որ այսօրվա երաժշտական համակարգը կառուցման բուռն ընթացքի մեջ է, եւ գրավիչ լինելն ամենեւին էլ խնդիր չէ, այլ հարց է` այնպիսի քար դնել գետնին, որը չկարողանան տեղից շարժեն. «Եթե երաժշտությունը չլիներ, կյանքս անիմաստ մի բան էր լինելու: Երաժշտությունը մխիթարանք է ինձ համար»:

 

Անդրադառնալով վերջերս կայացած իր վերջին ստեղծագործության` «Ռեքվիեմի» հայաստանյան պրեմիերային` մաեստրոն նշեց, որ, այո, այն կարելի է կայացած համարել: Ըստ նրա` ստեղծագործությունն էլի կհնչի Հայաստանում, քանի որ դրա պահանջը կա:

 

Ի դեպ, Մանսուրյանի «Ռեքվիեմն» առաջին անգամ հնչել է Գերմանիայում, քանի որ, ինչպես մաեստրոն է նշում, առանց նայելու ստորագրել է Մյունխենի կամերային նվագախմբի հետ կնքած պայմանագիրը, ըստ որի` ինքը պարտավորվում էր գրել ստեղծագործություն, որն առաջին անգամ կհնչի Գերմանիայում, եւ գործի առաջին ձայնագրությունը նույնպես Գերմանիային է պատկանում:

 

«Ուղղակի ստորագրել եմ այն` չնայելով պայմանները: Կարծում էի` գերմանացիները կաշխատեն այդ գործն այնքան էլ նկատելի չդարձնել, քանի որ այն Ցեղասպանության զոհերի հիշատակին է նվիրված, սակայն ճիշտ հակառակը դուրս եկավ: Բոլոր տեղերում` Մյունխենում, Թիֆլիսում, Հոլանդիայում, ուր նվագել եմ գործը, միայն հոտընկայս ծափահարությունների եմ արժանացել»,- ասում է մաեստորն եւ կատակով ավելացնում, թե գուցե հանդիսատեսը ոտքի է կանգնում, քանի որ ուզում է շուտ լքել դահլիճը:

 

Հարցին, թե ինչո՞ւ այսօրվա նվագախմբերն այնքան էլ հաճախ անդրադարձ չեն կատարում մաեստրոյի ստեղծագործություններին, թավջութակահար Արամ Թալալյանը պատասխանեց, որ Մանսուրյանի գործերը բարդ են, իսկ երաժշտությունը պահանջում է պատշաճ մոտեցում, ինտելեկտուալ եւ հոգեւոր հզոր ուժ: «Չեմ զարմանում, որ քիչ է կատարվում: Ամենակարեւորը, որ նրա երաժշտությունը նվագում են երիտասարդները: Հաջորդ սերունդն ընկալի այս երաժշտությունը, հասկանա ու գիտակցի` սա է կարեւորը»,- ասաց թավջութակահարը:

 

Մայիսի 7-ին կայանալիք երեկոյին կմասնակցեն Իրինա Զաքյանը (սոպրանո), Յանա Դարյանը (ալտ), Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Ջուլիետա Վարդանյանը (դաշնամուր), Արամ Թալալյանը (թավջութակ):

 

Կ. Հ.