Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
47-ամյա Մեխակ Սորսումատյանի յոթ երեխաներն ու կինը ապրում են 22 քառակուսի մետր տարածք ունեցող տանը: 9 քառակուսի մետր ննջասենյակում են քնում-արթնանում հասուն տղաներն ու աղջիկները: Մեխակի քույրը` Գոհարը, պատմում է, որ ամռանը տղաները դուրս էին գալիս, գիշերում ավտոտնակի կտուրին` կատուների հետ: Բայց այդպես գոնե չէին խեղդվում ամառվա շոգից:
Տղաներից մեկը սրտի արատ է ունեցել, մեկ տարի առաջ վիրահատվել է, նրա համար վտանգավոր է նման պայմաններում ապրելը. «Մի տարվա վիրահատված ա էրեխեն, նրան մաքուր օդ ա պետք, բայց սենյակում հեղձուկ ա: Մի տեղ, որ օդանցք չկա, պատուհանի մասին էլ չեմ ասում, էլ ի՞նչ պիտի լինի: Հարեւանի բակում պատուհան հո՞ չեն բացի, ո՞վ կթողնի, որ պատուհան բացեն իր տան մեջ, ինչքան էլ մոտիկ հարեւան լինի»,- պատմում է Մեխակի մորաքրոջ աղջիկը` Դուխիկը:
Ընտանիքը 2003 թվականից սկսած բազմիցս դիմել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի վարչական շրջանին եւ քաղաքապետարանին` բնակարանը բարելավելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել:
Ընտանիքում միակ գումար վաստակողը Մեխակն էր, ով եղբոր` Արմենի հետ զոհվեցին հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզումՙ Այրումի երկաթուղու մոտ տեղի ունեցած սողանքի հետեւանքով: Երկու եղբայրներն էլ ավտոզոդող էին. հիմնական աշխատանք չունեին, բարեկամների ասելով` իրենց ավտոտնակում էին աշխատում:
Մեխակի մեծ դուստրը քսանչորս տարեկան է, մասանգիտությամբ բանասեր է, չի աշխատում: Ավագ որդին էլ արտագնա աշխատանքի է մեկնել. «Քսանչորս տարեկան աղջիկ ա, մի տեղ չկա, որ մտնի աշխատի, որ գոնե իր շոր-կոշիկի հարցը լուծի: Չենք ասում, որ տան հարցը լուծեր: Տղեն էլ Ռուսաստան էր գնացել, երեք ամիս էր, էն էլ մի կերպ մի բան արեցին, հետ բերեցին, որ գար հասներ հորը»,- պատմում է Գոհարը:
Տան երկրորդ հարկում ապրում է Արմենի ընտանիքը` երեք անչափահաս երեխաները, կինը, հայրը: Նրանց ընտանիքում էլ միակ աշխատողը եղել է Արմենը: Կինը` Նաիրան, ութ տարի անկողնում հիվանդ պառկած սկեսրոջն է խնամում: Նաիրան պատմում է, որ սկեսրայրի կենսաթոշակը 1500 դրամ բարձրացնելուց հետո կտրել են «Փարոսից» ստացվող 30 հազար դրամ նպաստը: Եկամտի այլ աղբյուր ընտանիքը չունի:
Անձրեւներից առաստաղն ու պատերը, որ փայտից են, փտում են.
«Իրենք պիտի աշխատեին, որ սարքեին, իրենք շատ լավ ծնող էին...»,- պատմում է 38-ամյա Արմենի կինը` Նաիրան: Խոնավությունից փոքր տղան վեց ամսականից ասթմայով է հիվանդացել: Քանի դեռ երեխայի յոթ տարեկանը չի լրացել, նրա համար բուժօգնությունն անվճար է. «Ուղեգիր էին տվել, որ տանեինք, նշիկները ամսի 25-ին հանեին, բայց դե որ սենց եղավ... Ինքը լավ ֆուտբոլիստ է, դասատուն տարել է մրցումների, առաջին տեղ է գրավել: Ասում է, որ պապան ստեղ ըլներ, հիմա կտաներ, ինձ նվեր կառներ: Պապայի արածը ոչ մեկը չի կարա անի»:
Արմենի մեծ երեխան` դուստրը, հիշում է, թե ինչպես է բաժանվել հորից. նստել են մեքենա, ասել են «Աստված մեզ հետ» ու գնացել Վրաստան` հորաքրոջը տեսնելու: Հետդարձի ճանապարհին` դեպքից տասը րոպե առաջ զանգել են տուն, ասել, թե մեծ բեռնատար է շրջվել, խցանում է, մի քիչ կուշանան. «Վեցն անց կես էր, որ զանգեց: Տասը րոպե հետո զանգեցի, արդեն անհասանելի էր»,- հիշում է Նաիրան:
Այս զանգից հետո էլ ընտանիքի համար սկսվել է մղձավանջը: Դուխիկը պատմում է, թե ինչպես է դռնեդուռ ընկել, աղաչել-պաղատել, որ արագացնեն մորաքրոջ տղաներին փնտրելու աշխատանքները, իսկ հետո արդեն ընկերներին ու բարեկամներին հանձնել են գտնված մարմիններն ու հեռու կանգնել.
«Մեզ եկել ասում էին, թե 30 հազար դրամ փող տվեք, բենզինն էլ լցրեք, որ տեղափոխենք: Բայց մենք էլ կարող էինք տենց մեկին բռնել, որ բերեր: Դիակները մորգի դեմը դրած, անտերուդուս մնացել էինք Նոյեմբերյանի հիվանդանոցներում»,- պատմում է Արմենի ու Մեխակի քրոջ ամուսինը` Գագիկը:
Այս պատմությունը կանայք առաջին անգամ էին լսում. խուլ հեծկլոտոց է լսվում սենյակում. «Մեզ պետք էր դիակները պատվով-հարգանքով թաղեինք: Իմ հարեւաններն արցունք էին թափում, թե իրենք ինչ ախպերներ են եղել ինձ համար: Մենք ջուր չենք ունեցել, նրանք շշերով ջուր են բերել, որ ես լվացք անեմ: Ու ես էսօր գոնե ուրախանամ նրանց քեֆ-հարսանիքներին, թաղում եմ կազմակերպում»,- պատմում է Դուխիկը:
Կառավարությունը հինգշաբթի օրը հաստատեց այն որոշումը, որ սողանքի հետեւանքով զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին հատկացվելու է մեկական միլիոն դրամ: Սակայն գումարը դեռեւս հասցեատերերին չի հասել: Նաիրան ասաց, թե ցավակցելու հետ մեկտեղ ծանոթ-բարեկամներն այդ գումարի մասին էլ են տեղյակ պահում, կարծես «աչքալուսանք» լինի:
Այնինչ` իրենք ցավում են, որ կորցրել են ընտանիքը կերակրող տղամարդկանց: Ընտանիքի հոգսերը շատ են, եւ կառավարության կողմից դեռեւս չստացված մեկ միլիոնն էլ մի ցավի աչքը կհաներ, բայց... Դեռ սպասում են, որ Աստված մի դուռ կբացի, մեկի գութը կշարժվի:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լուսանկարները` Գալուստ ՆԱՆՅԱՆԻ