կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-30 20:03
Քաղաքական

Ադրբեջանը փորձում է դեմքի լավ արտահայտություն ձևացնել վատ խաղի ժամանակ. Էդվարդ Նալբանդյան

Ադրբեջանը փորձում է դեմքի լավ արտահայտություն ձևացնել վատ խաղի ժամանակ. Էդվարդ Նալբանդյան

Այսօր մամուլի ասուլիսում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի արտգործնախարարի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների՝ Լեռնային Ղարաբաղի հարցում համանախագահների առաջարկությունների հիման վրա, եթե Հայաստանը դրանք ընդունի, պատասխանել է.

«Չեմ կարծում, որ որևէ նոր բան է ասվել: Ադրբեջանը շարունակում է միջազգային հանրության աչքերին թոզ փչելու փորձերը: 

Ասում է, թե իբր պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների: Ի՞նչ է նշանակում սուբստանտիվ. այսինքն՝ առարկայական, բովանդակային։ Ուրեմն, ըստ Բաքվի, վերջին առնվազն տասը տարվա ընթացքում նախագահների մակարդակով քսան, արտգործնախարարների մակարդակով՝ չորս տասնյակից ավել, ինչպես նաև համանախագահների հետ կայացած բազմաթիվ հանդիպումները եղել են բովանդակությունից զո՞ւրկ կամ ոչ առարկայակա՞ն: Ըստ Ադրբեջանի՝ այդպե՞ս է ստացվում:

Առաջին, եթե Ադրբեջանն իսկապես ընդունում է եռանախագահող երկրների առաջարկները և պատրաստ է այդ առաջարկների հիման վրա գնալ կարգավորման, ապա պետք է հաստատի, նաև գործնականում ապացուցի, որ կողմ է գնալ հիմնախնդրի կարգավորմանն այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկվել են եռանախագահող երկրների կողմից: Դուք գիտեք՝ որ սկզբունքների մասին է խոսքը. բազմիցս է ասվել։ Խոսքը երեք սկզբունքների մասին է` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն:

Դրա մասին եռանախագահները բազմիցս են ասել, ներառյալ` նախագահների մակարդակով արված հայտարարությունների միջոցով: Հայաստանը համամիտ է եռանախագահ երկրների հետ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա մերժում է այդ սկզբունքները, նույնիսկ հրաժարվում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որոնցում ընդամենը հղում է կատարվում կամ հիշատակվում են այդ երեք սկզբունքները:

Երկրորդ, եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է գնալ հիմնախնդրի կարգավորմանը եռանախագահների առաջարկությունների հիման վրա, ապա պետք է վերահաստատի ու գործնականում իրականացնի այն, ինչ նրանք առաջարկում են՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորում, և պետք է անվերապահ հարգի և իրականացնի 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը: Հայաստանը համամիտ է համանախագահ պետությունների հետ։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, այն մերժում է եռանախագահների կողմից արված կոչերը՝ վերահաստատելու այդ հանձնառությունները: Եվ իհարկե, Ադրբեջանը պետք է իրականացնի, այլ ոչ թե ընդդիմանա այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում։

Երրորդ. Այս վերջին հայտարարության մեջ ևս մեկ անգամ ադրբեջանցիները հիշատակեցին Բաքվի կողմից այդքան սիրված Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնք ընդունվել են 1993թ.: Պատահական չէ, որ եռանախագահող երկրներն իրենց հայտարարություններում հղում չեն կատարում այդ բանաձևերին: Ինչո՞ւ: Որովհետև այդ բանաձևերի հիմնական նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն էր։ Հենց Ադրբեջանի պատճառով էր, որ այդ ռազմական գործողությունները չէին դադարում, քանզի Ադրբեջանը չէր հարգում այդ բանաձևերը և շարունակում էր ռազմական գործողությունները, որոնք հնարավոր եղավ դադարեցնել միայն 1994թ. մայիսին զինդադարի համաձայնագրի շնորհիվ։ Այն, ինչպես գիտեք, ստորագրվեց Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողմից։ Դա անժամկետ համաձայնագիր է։ Եռանախագահող երկրները բազմիցս կոչ են արել, որ այս համաձայնագիրը պետք է անվերապահորեն հարգվի և կատարվի:

Չորրորդ, եթե ադրբեջանական կողմն իսկապես պատրաստ է շարունակել բանակցային գործընթացի այն առաջարկությունների հիման վրա, որ եռանախագահող երկրներն են անում, ապա պետք է չփորձի հղում կատարել միայն այն տարրերի վրա, որոնք իրեն դուր են գալիս, այն էլ՝ աղավաղված ձևով: 
Եռանախագահող երկրների նախագահների հինգ, այլ ոչ թե երեք հայտարարությունների մեջ նշված են այն սկզբունքները և տարրերը, որոնց հիման վրա պետք է հիմնախնդիրը կարգավորվի: Եռանախագահող երկրները բազմիցս նշել են, որ այդ սկզբունքներից և տարրերից որևէ մեկն առաջնայնություն չունի մյուսների նկատմամբ, և անընդունելի է խտրականությունն այս տարրերի կամ սկզբունքների նկատմամբ, որոնք մեկ ամբողջություն են կազմում։ Համանախագահներն ընդգծել են, որ մեկ սկզբունքին կամ մեկ տարրին առաջնայնություն տալն անհնար կդարձնի հիմնախնդրի կարգավորումը:

Հայաստանը համամիտ է համանախագահ երկրների հետ։ Մինչդեռ Ադրբեջանը հղում է կատարում միայն մեկ կամ երկու տարրերին՝ այն էլ, ինչպես ասացի, աղավաղելով դրանք:

Իհարկե, այս ամենը նորություն չէ: Ադրբեջանը փորձում է, ինչպես ասում են, դեմքի լավ արտահայտություն ձևացնել վատ խաղի ժամանակ: Բայց դա էլ իր մոտ չի ստացվում:

Հայաստանը շարունակելու է եռանախագահող երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եթե Բաքուն ցանկանում է միանալ այդ ջանքերին, ապա ես կեզրափակեի նրանով, ինչից սկսեցի. Ադրբեջանը պետք է վերահաստատի իր հավատարմությունը եռանախագահների կողմից առաջարկվող միջազգային իրավունքի երեք սկզբունքներին: Դրանք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը: