կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-16 11:51
Քաղաքական

Նոր Ընտրական օրենսգիրքը պետք է փարատի ընտրական համակարգի վերաբերյալ մինչ այժմ եղած մտահոգությունները

Նոր Ընտրական օրենսգիրքը պետք է փարատի ընտրական համակարգի վերաբերյալ մինչ այժմ եղած մտահոգությունները

2015 դեկտեմբերին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո 2016-ի կարևորագույն ներքաղաքական իրադարձությունը կդառնա նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը: Ներկա պահին կառավարության անդամներն աշխատում են ԸՕ նախագծի վրա, եկող շաբաթ նախագիծը կուղարկեն ԱԺ, որտեղ էլ կսկսվեն քննարկումները: Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է, որ ԸՕ-ն ընդունվի սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո և առաջիկա համապետական ընտրություններից առնվազն  մեկ տարի առաջ, ինչը նշանակում է, որ ԸՕ-ն պետք է ընդունվի մինչև ընթացիկ տարվա հունիս:

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ԸՕ նախագիծն այս պահին դեռ քննարկվում է կառավարությունում, երկուշաբթի օրը, հավանաբար, նախագիծը կուղարկվի ԱԺ: Ի դեպ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԸՕ-ի ընդունման կապակցությամբ հայտարարել էր. «Մենք պատրաստ ենք ամենաբաց և ամենաընդգրկուն քննարկումների բոլոր հնարավոր ձևաչափերում, որպեսզի, ի վերջո, ընդունենք նոր՝ լավագույն Ընտրական օրենսգիրքը»:

Մեր հարցին, թե ի՞նչ է մասնավորապես նշանակում ընդունել լավագույն Ընտրական օրենսգիրք, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այսինքն` այն բոլոր մտահոգությունները, որոնք եղել են ընտրական համակարգի վերաբերյալ այս տարիների ընթացքում, պետք է փարատվեն այս նոր Ընտրական օրենսգրքում: Կվերցնենք միջազգային լավագույն փորձը, և այն, ինչը հնարավոր է ներառել Հայաստանի ընտրական համակարգում, պետք է ներառել»: