կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-22 12:51
Քաղաքական

Պահանջում են Ընտրական նոր օրենսգիրքը

Պահանջում են Ընտրական նոր օրենսգիրքը

ԱԺ հերթական քառօրյա նիստն է: Նիստի օրակարգը ներկայացնում է ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, քանի որ ԱԺ նախագահը հիվանդ է, ապաքինվում է:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցրեց Ընտրական նոր օրենսգրքի նախագծի մասին: «Ողջ հասարակությունը, քաղաքական ու քաղաքացիական ուժերը խոսում են Ընտրական նոր օրենսգրքի մասին: Միջազգային կառույցները նույնպես հորդորում են Հայաստանին` նոր օրենսգրքի վերաբերյալ ապահովել լայն կոնսոլիդացիա եւ քննարկումներ: Հունվարից հետո ասում եք, թե նախագիծը կա, բայց արդեն երկրորդ քառօրյան է, մենք այդ նախագծի ծայրն էլ չենք տեսել: Դուք տեսե՞լ եք այդ նախագիծը, ե՞րբ է դա մտնելու խորհրդարան: Ի՞նչ վիճակում է այդ օրենքի նախագիծը»,- հարցրեց նա:

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանը, ըստ ստանձնած պարտավորությունների, պետք է մինչեւ հունիս ընդունի նոր Ընտրական օրենսգիրքը: «Հիմա դուք խոսում եք ենթադրություններով: Երբ կլինի նախագիծը, այն կներկայացվի ԱԺ, եւ բոլոր քաղաքական ուժերը կներկայացնեն իրենց առաջարկությունները: Իմ հորդորը ձեզ` մամուլին հղումներ մի\' արեք, այդ նախագիծը դեռ չկա: Ես տեսել եմ, թե չեմ տեսել, դա կարեւոր չէ, որովհետեւ ես շատ բան կարող եմ տեսնել, շատ բան կարող եմ չտեսնել»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

 ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցը նույնպես վերաբերում էր ԸՕ նախագծին: «Ձեր հայտնած տեղեկության մեջ անճշտություն կա: Ես իմացել եմ, որ ԸՕ նախագիծը արդեն պատրաստ է եւ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Եթե դա այդպես է, ստացվում է, որ, առանց խորհրդակցելու ընդդիմության հետ, անդրկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում իրականացրել է աշխատանք: Մենք սա անընդունելի ենք համարում: Ինչո՞ւ է իշխանությունը խուսափում ընդդիմության հետ նման կարեւոր օրենքները քննարկելուց», - հարցրեց նա:

ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը արձագանեց, որ պետք չէ շտապել, պետք չէ մեղադրանքներ ու պիտակներ կպցնել, ԸՕ-ն դեռեւս մուտք չի գործել ԱԺ, ո\'չ մեծ, ո\'չ փոքր օրակարգում ներկայացված չէ: Նա վստահեցրեց, որ ոչ մի անդրկուլիսային աշխատանք չի իրականացվում, պարզապես այն դեռ պատրաստ չէ: Պատրաստ լինելուն պես այն անմիջապես կներկայացվի ԱԺ քննարկմանը:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ նշեց, որ, ըստ օրենքի, ԸՕ-ն մի քանի անգամ կարող է ուղարկվել Վենետիկի հանձնաժողով: