կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-17 14:45
Քաղաքական

Նոր Ընտրական օրենսգիրքը կբացառի մի շարք ռիսկեր. ԲՀԿ-ական

Նոր Ընտրական օրենսգիրքը կբացառի մի շարք ռիսկեր. ԲՀԿ-ական

Կարևոր է այնպիսի Ընտրական օրենսգիրք ունենալ, որը հավատ կներշնչի մեր երկրի քաղաքացուն. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով 4+4+4 ձևաչափում ձեռք բերված քաղաքական կոնսենսուսին:

«Մենք հաճախ արձանագրել ենք, որ միջազգային տարաբնույթ կազմակերպություններ յուրաքանչյուր ընտրություններից հետո ոչ բավարար, ոչ դրական գնահատականներ են տվել այն ընտրական գործընթացներին, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում: Այս նոր ԸՕ-ն կբացառի մի շարք ռիսկեր»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` այսօր ամենակարևոր խնդիրներից մեկն է քաղաքական կամք և սկզբունքներ ունենալը` համապատասխան ընտրություններ կազմակերպելու համար, բայց որտեղ չպետք է բացառել այն հարցը, որ օրենսգիրքը պետք է երաշխիքներ սահմանի:

ԲՀԿ-ական պատգամավորը համաձայն չէ այն տեսակետին, որ ՀՀԿ-ն փորձում է սիրաշահել ընդդիմությանը, ժողովրդին 2017 թվականի ընտրություններից առաջ: «Չեմ գտնում, որ որևէ քաղաքական ուժ պետք է ներփակվի միմիայն իր ներքին ծրագրային դրույթների, ներքին կուսակցական գործառույթների մեջ: Ի վերջո, յուրաքանչյուր կուսակցություն պետք է միտված ծրագրեր իրականացնի ժողովրդի համար, ժողովրդավարության հասնելու համար: Այսօր հասարակության մեջ կարծրատիպեր կան, մթնոլորտն էլ շատ հստակ է, և առաջիկա ընտրությունները, ի վերջո, լավագույնս ցույց կտան` ժողովուրդը, մեր հասարակությունը ինչ տրամադրություն և տրամադրվածություն ունի` այս կամ այն քաղաքական ուժի հետ կապված, և որ քաղաքական ուժի ծրագրերին կամ գործիչներին է ավելի շատ համակրում: Ամենամեծ գնահատականը, ի վերջո, ընտրությունները կտան»,- ասաց Էնֆիաջյանը: