Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017թ. ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Հանրապետության Նախագահը նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում անդրադարձել է ոստիկանության առջև ծառացած խնդիրներին, նախանշել հետագա անելիքները, ոստիկանության գործունության առաջնահերթություններն ու նպատակադրումները, ինչպես նաև խոսել սահմանադրական բարեփոխումներից բխող պետական մարմինների հարաբերակցության նոր պայմաններում ոստիկանությունից ակնկալիքների, իրավապահ այլ մարմինների հետ պատշաճ համագործակցության մասին և մի շարք հանձնարարականներ է տվել իրավախախտումների կանխարգելման, երկրում հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ ուղղություններով համապատասխան աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից հատված` ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ.
«Պարոնա՛յք գեներալներ, սպաներ,
Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ,
Դուք լավ հիշում եք, որ իմ նախընտրական ծրագրի հիմքում «Ապահով Հայաստան» նպատակադրումն իրականացնելու գաղափարն էր: Շուրջ հինգ տարի առաջ այսօրվա Հայաստանը ես տեսնում էի վտանգներից ավելի պաշտպանված:
Երկրի անվտանգության առումով դրական և էական առաջընթաց արձանագրելով հանդերձ՝ կարծում եմ, որ այսօր դեռ վաղ է վերջնականապես գնահատել, թե արդյո՞ք իմ սպասելիքներն ամբողջությամբ արդարացվել են: Միաժամանակ գտնում եմ, որ ձեզ հետ հանդիպումը շատ լավ առիթ է լրացուցիչ անգամ վեր հանելու ոստիկանության առջև ծառացած խնդիրները և նախանշելու հետագա անելիքները:
Վերջին ամիսներին հանրության շրջանում մտահոգության տեղիք են տվել հանրապետությունում կատարված մի քանի հանցագործություններ, որոնց մասին շատ է գրվել լրատվամիջոցներում, և որոնց անդրադարձ եղավ նաև հնչած զեկուցման մեջ: Ոմանց մոտ ընկալում է ձևավորվել, թե դրանք իրավապահ մարմինների կողմից հանցավորությանը ոչ արդյունավետ հակազդելու հետևանք են:
Վստահ եմ, որ իրավապահներն ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը, և խուճապի որևէ պատճառ չկա: Այնուամենայնիվ, չեմ կարող չմտահոգվել մեր քաղաքացիների անհանգստությամբ: Ինձ համար երկրում օրինականության և կարգուկանոնի լավագույն չափորոշիչը հանրության կարծիքն է:
Այո՛, շատերն են ընդունում, որ այսօրվա ոստիկանները նախկինից ավելի պատրաստված են և ավելի դրական են ընկալվում: Սակայն կա նաև տարակուսանք, որ այդ նույն ոստիկաններն իրենց հնարավորությունները լիարժեք չեն իրացնում:
Համոզված եմ, որ ոստիկանությունն ունի մեծ ներուժ, որպեսզի փարատվեն եղած կասկածները, իսկ այդ ներուժը պետք է իրացվի ողջ ծավալով: Այս առումով հորդորում եմ բոլորիդ անմնացորդ նվիրվել ձեր ծառայությանը և շատ կարճ ժամանակում գրանցել նոր, զգալի և տեսանելի հաջողություններ:
Այս խնդիրը լուծելու համար դուք ունեք անհրաժեշտ թե՛ մարդկային, թե՛ նյութատեխնիկական ռեսուրսներ: Դուք ունեք նաև իմ՝ որպես պետության ղեկավարի և Գերագույն գլխավոր հրամանատարի աջակցությունը:
Հարգելի՛ ոստիկաններ,
Վստահ եմ, որ լավ գիտակցում եք ոստիկանության սոցիալական գործառույթի կարևոր նշանակությունը: Վստահ եմ նաև, որ գիտեք՝ որքան պրոֆեսիոնալ է ոստիկանությունն իրականացնում իր առաքելությունը, այնքան պաշտպանված ու ապահով է իրեն զգում հասարակության յուրաքանչյուր անդամ:
Կասկած չունեմ, որ հասկանում եք՝ սահմանադրական բարեփոխումներից բխող պետական մարմինների հարաբերակցության նոր պայմաններում ոստիկանությունից սպասելիքները պակաս չեն լինելու, գուցե շատ ավելին են լինելու: Ուստի, անհրաժեշտ է արդեն այսօր ճիշտ ախտորոշել առկա բոլոր խնդիրները և հստակ պլանավորել առաջիկա անելիքները:
Ուզում եմ կանգ առնել այս պահի կարևոր երկու խումբ անելիքների վրա:
Առաջին. ոստիկանության աշխատանքի առյուծի բաժինը պետք է կազմեն իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Ակնհայտ է, որ կանխարգելիչ աշխատանքների նշանակությունը գործնականում չափազանց մեծ է:
Պատահական չէ, որ Սահմանադրությունը թույլ է տալիս առանձին իրավունքներ սահմանափակել ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես էլ դրանց կանխման նպատակից ելնելով: Մենք պետք է ընդունենք, որ հանցագործությունների կանխարգելման ոլորտում ոստիկանների անելիքները շատ են: Առկա վիճակը դեռ հեռու է ցանկալի մակարդակից:
Կարևոր է, որ այդ մասին նշվեց նաև զեկույցում: Միաժամանակ պետք է հասկանանք, որ փաստն արձանագրելը և թերացումները տեսնելը թեև դրական, բայց ամենևին բավարար չեն առավելագույն արդյունքի հասնելու համար: Հանցագործությունների կանխարգելման բնագավառում մինիմալիստական մոտեցումը, այսինքն՝ նվազագույնով բավարարվելն անընդունելի է:
Ասվածը, բնականաբար, չի նսեմացնում ձեր գործունեության մյուս բաղադրիչների, հատկապես օպերատիվ-հետախուզական աշխատանքի դերը: Հանցավորության դեմ պայքարում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն առանձնահատուկ են: Դրանց ճիշտ, գրագետ և ժամանակին իրականացումը կարող է ոչ միայն խափանել, այլև արդյունավետ կանխել հանցանքների կատարումը»: