Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստերի ստուգման հարթակ» -ը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի կազմակերպման և տեղամասային հանձնաժողովների կազմերում իրենց ներկայացուցիչների նշանակման ժամանակ «Այո»-ի շտաբի կողմից հանձնաժողովի նախագահ է նշանակվել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու իրավունք չունեցող անձ։
Այսպես, Նոր Նորք համայնքի Նանսենի 14 հասցեում գտնվող 2/51 տեղամասային հանձնաժողովի նախագահը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների, Արտակ Հովհաննեսի Ղուկասյանն է։
Վերջինս 2011 թ․ հոկտեմբերի 14-ին դատապարտվել էր Քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածներով՝ 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Ըստ դատավճռի՝ Ղուկասյանը դատապարտվել էր բանդիտիզմի (10 տարի առանց գույքի բռնագանձման), պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի (10 տարի), սպանության փորձի (8 տարի), հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքի դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձի (6 ամիս), դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու (1 տարի), ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու (3 տարի), ապօրինի կերպով զենք պատրաստելու (4 տարի) և իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութեր ապօրինի պատրաստելու (4 տարի) համար։
Դատալեքս տեղեկատվական համակարգից պարզում ենք, որ ըստ մեղադրանքի՝ Ղուկասյանը 2008-09 թվականներին մի խումբ անձանց հետ նախապես պլանավորել ու նախապատրաստել էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և մի շարք այլ պաշտոնյաների դեմ մահափորձերը։
Մասնավորապես, տեղեկացված լինելով, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղեկցող ավտոմեքենաները հագեցված չեն էլեկտրաալիքները ճնշող սարքավորումներով, հնարավոր են համարել, նախապես ընտրված վայրում ճանապարհին լցված «աստրոլիտը» պայթեցնել հեռակառավարման սարքի միջոցով։ Այնուհետև՝ Ռոբերտ Քոչարյանի հուղարկավորության արարողության ժամանակ, իրականացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սպանությունը՝ համապատասխան վայրի հողածածկույթի մեծ մակերեսը նախապես նույն պայթուցիկ նյութով մշակելու միջոցով։ Սակայն նկատի ունենալով, որ ՀՀ նախագահի և նրա շքախմբի ավտոմեքենաները հագեցած են էլեկտրաալիքները ճնշող սարքավորումներով, որոնց առկայության պայմաններում հեռակառավարման սարքի գործարկմամբ պայթյուն առաջացնելու հնարավորությունը բացառված է, որոշել են հաշվարկել «ազոտի եռյոդիդ» տեսակի պայթուցիկ նյութի չորացման ժամկետը և այն լցնել նախապես «աստրոլիտով» մշակված մակերեսի մոտակայքում, որպեսզի ներգործության հետևանքով այն առաջացնի «աստրոլիտի» դետոնացիա` պայթյուն, և որպես արդյունք՝ Սերժ Սարգսյանի և մոտակայքում գտնվող այլ անձանց մահը։
Ի դեպ, հարցազրույցներից մեկում Ղուկասյանը չի հերքել իրեն վերագրվող հանցագործությունները և այն բացատրել ապագայի հեռանկարի բացակայությամբ։
2009 թվականից կալանքի տակ գտնվող Ղուկասյանը հեղափոխությունից հետո՝ 2018-ին, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել և այժմ նշանակված է 2/51 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ։
Մինչդեռ Ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154.6-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների, ինչպես նաև դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք:
Ղուկասյանի կատարած հանցագործությունների մեծ մասը, ըստ ՔՕ 19-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի, համարվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր, հետևաբար՝ Արտակ Ղուկասյանին ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկելը Ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի կոպտագույն խախտում է։
Սևադա Ղազարյան
Պարզաբանումը կարդալ այստեղ։