Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական վերածնունդ» կուսակցության կարկառուն դեմք, կաթի փոշու հայտնի սիրահար Հովհաննես Մարգարյանն այսօր խոսել է մահվան մասին: Ըստ Մարգարյանի` մահը մարդ է` առանց հոգու: Ճիշտ է, Մարգարյանն ասել է` «մահը դա մարդ է առանց հոգու», բայց «դա» բառը հանում ենք, քանի որ այդպես հայեցի չէ եւ վայել չէ ԱԺ պատգամավորին: Կարեւոր էլ չէ: Կարեւորը մահի՝ «մարգարյանական» սահմանումն է, ուրեմն` մարդն առանց հոգու` մահն է: Հոգին էլ, հավանաբար, վերածնվում է, դրանից անմիջապես հետո, մտնում «Հայկական վերածնունդ» կուսակցություն եւ արդեն հավերժության գրկում պայքարում երկրում, հասարակության մեջ կարգուկանոնի, օրենքի, արդարության, բարոյականության հաստատման համար` անմիջապես ցույց տալով անբարոյականությունը եւ մերկացնելով անբարոյականներին: Համենայն դեպս, հոգին մի բան պետք է անի, հո չի՞ անհետանալու, իսկ որպեսզի մի բան անի, պետք է վերածնվի: Բուդդիստներն, օրինակ, ասում են, որ հոգին վերածնվում է որեւէ կենդանու մեջ, ասենք՝ նախկին կյանքում մարդ էր, վերածնվելուց հետո դառնում է բադ, բայց մենք բուդդիստ չենք, մեր` մարդկանց հոգին էլի վերածնվում է մարդու մեջ, ասենք` առաջ Սարգիսն էր, հիմա՝ Մուրադ, կամ՝ հակառակը: Լինում են, իհարկե, ավելի դաժան դեպքեր, երբ նախկին Սարգիսը դառնում է Անահիտ, կամ` հակառակը, բայց դա Աստծո չարաճճիություններն են, մենք ո՞վ ենք, որ քննենք:
Կարեւորն այստեղ տրամաբանությունն է, մենք վերջապես հասկացանք կամ գոնե մոտ ենք հասկանալուն, թե ինչպե՞ս են համալրում «Հայկական վերածնունդ» կուսակցության շարքերը, իսկ համալրում են հոգիներով: Ենթադրենք` Հովհաննես Մարգարյանի հայրենի Գյումրիում, որտեղ «Հայկական վերածնունդ»-ն, ի դեպ, երրորդ տեղը գրավեց եւ բրոնզե մեդալների արժանացավ ՏԻՄ վերջին ընտրություններում, «Հայկական վերածնունդ»-ը համալրել է տասը հոգի, շեշտում եմ՝ հոգի, վերածնվելուց հետո, իհարկե, կամ գուցե վերածնվելուց հետո, Աստված գիտի:
Բայց ինչո՞ւ է պարոն Մարգարյանը հանկարծ հիշել մահվան մասին եւ ակամայից մեզ հուշել իրենց կուսակցության աճող թվաքանակի գաղտնիքը: Բանն այն է, որ մարդը խոսել է նոր Ընտրական օրենսգրքի մասին` նշելով, որ մահն առանց հոգու մարդն է, իսկ մահացած Ընտրական օրենսգիրքը՝ առանց Սահմանադրության հոգու օրենսգիրքը: Այս տրամաբանությամբ դժվար է ասել, թե ի՞նչ է «Հայկական վերածնունդը», երբ մենք հստակ գիտեինք, որ ՕԵԿ-ը բարոյական քաղաքական ուժ է եւ այլեւս չկա, մահացել է: Բայց կարիք չկա ծանրաբեռնվելու նման փիլիսոփայական մտքերով: Կարեւորը հասկացանք` հոգին վերածնվելու առանձնահատկություն ունի, պարզապես բուդդիստների մոտ այն կարող է բադի մեջ վերածնվել` օրինակ, իսկ մեր պարագայում` անպայման մարդու, ով պարտադիր մաս է կազմում հայկական ընդհանուր վերածննդին:
Կուսակցությունների մոտ էլ է այսպես: Ի տարբերություն ամբողջ աշխարհի, որտեղ կուսակցությունները լինում են հիմնականում երեք տեսակի` լիբերալ, սոցիալիստական եւ պահպանողական, Հայաստանում դրանք լինում են երկու տեսակի՝ մեռած եւ կենդանի: Մեռած կուսակցությունը, ինչպես հասկացանք, առանց հոգու կուսակցությունն է, որի հոգին վերածնվում է մեկ այլ կուսակցության ներսում: Նույն ՕԵԿ-ը առանց հոգու՝ մեռած կուսակցություն է, քանի որ նրա հոգին վերածնվել է «Հայկական վերածնունդ»-ի մեջ…Բայց թարգենք այս փիլիսոփայությունը, նախ` այն առանձին եւ շատ հարգի մասնագիտություն է, երկրորդ՝ Հովհաննես Մարգարյանի հետ, ինչպես հասկանում ենք, առհասարակ կապ չունի:
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, որն, ինչպես վկայում է Հովհաննես Մարգարյանը, մահացած է, ապա «Հայկական վերածնունդ» կուսակցության «Ռաֆայել-Միքելանջելո» կենտրոնը հայտարարում է, որ իր կադրերի բազայում առկա բազմաթիվ օրինագծերի հոգիներից մեկը, ավելի կոնկրետ` հին Սահմանադրության հոգին, կարող է տրամադրել համապատասխան մարմիններին, որպեսզի նրանք այդ հոգին մխրճեն ԸՕ-ի մեջ: Դրանից հետո ԸՕ-ն կունենա Սահմանադրության հոգի, հիմա` հին է, բայց, դե, ինչ արած, հո նոր Սահմանադրության հոգին չե՞նք տալու, չէ՞ որ Հովհաննես Մարգարյանի տրամաբանությամբ` եթե ինչ-որ բան հոգի չունի, ուրեմն մահացած է:
Հովիկ Աֆյան