Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը համաձայն չէ ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանի այն պնդմումների հետ, թե Ընտրական օրենսգրքի շուրջ ՀՀԿ-ի և փոխվարչապետի միջև քննարկումները ձևական բնույթ են ունեցել:
«Ես համաձայն չեմ պարոն Սարգսյանի դիտարկման հետ: Կարող եմ մեկ սուբյեկտիվ և համարձակ հայտարարություն անել` ՀՀԿ-ում առնվազն մի քանի պատգամավորներ շատ լուրջ և բովանդակային քննարկում էին վարում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետը:
Հարցին` արդյո՞ք ՀՀԿ-ն տրամադրված է կողմ քվեարկել այս փոփոխություններին, նա պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ մենք պայմանավորվել ենք Հանրապետական ֆրակցիայի հետ այս ընթացքում մի փոքր ավելի ինտենսիվ աշխատել: Եթե բոլորի կողմից կա մտադրություն` ընտրություններին ընդառաջ ունենալ լավ օրենսգիրք, լավ ընտրական համակարգ, եթե գտնում ենք, որ այդ ժամանակը և հնարավորությունը դեռ կա, ապա ջանքերն ինտենսիվացնենք և որոշակի շտկումներ անենք` իսկապես անշահախնդիր քաղաքական համակարգի կայացման համար»:
Արարատ Միրզոյանը հաստատեց, որ հնարավոր է` Վենետիկի հանձնաժողովը փորձագիտական եզրակացություն չհասցնի տալ: «Մենք և' հայեցակարգը, և' օրենքի նախագիծը ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով: Պաշտոնապես վերջին տարբերակն ուղարկվել է այսօր, որովհետև այսօր է հաստատվել կառավարության կողմից: Կոնտակտները Վենետիկի հանձնաժողվի հետ շարունակվելու են: Հուսով եմ` որոշակի փոխըմբռնում կլինի: Փորձագիտական եզրակացություն, ենթադրում եմ, չի լինի հանձնաժողովի կողմից»,- ասաց նա: