կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-16 12:24
Քաղաքական

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ԼՂՀ ճանաչման օրինագծին

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ԼՂՀ ճանաչման օրինագծին

Այսօր ԱԺ արտաքին  հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը, որոնք ներկայացրել են պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը:

Նիստին մասնակցում էր ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ով ներկայացրեց ՀՀ ԱԳՆ եզրակացությունը: Ըստ Քոչարյանի` ԱԳՆ-ն դրական եզրակացություն չի տվել այս նախագծին՝ համարելով, որ այս պահին նպատակահարմար չէ Արցախի ճանաչումը, ինչը կարող է խանգարել բանակցային գործընթացին: Իսկ կառավարությունը դրական եզրակացություն տվել է ԱԳՆ-ի հենց այդ եզրակացությանը, այլ ոչ թե Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծին:

Զարուհի Փոստանջյանին հետաքրքրեց, թե արդյո՞ք ապրիլյան պատերազմական գործողություններից հետո նույն հունով պետք է ընթանան բանակցությունները, թե՞ բանակցությունները պետք է սկսվեն զրոյից: ԱԳ փոխնախարարը պատասխանեց, որ այսօր խոսել բանակցային գործընթացի մասին անիմաստ է, քանի որ բանակցությունների համար անհրաժեշտ է կայուն զինադադար:

Հրանտ Բագրատյանն էլ հետաքրքրվեց` եթե բանակցային գործընթաց չկա, ուրեմն ինչպե՞ս է հայտարարվում, թե ԼՂՀ անկախության ճանաչումը կխանգարի բանակցային գործընթացին: Պատգամավորն ասաց, որ, չճանաչելով ԼՂՀ անկախությունը, ականատես ենք լինելու, թե ինչպես ենք օրական երկու-երեք զինվոր զոհվում:

Շավարշ Քոչարյանն արձագանքեց, որ Հրանտ Բագրատյանի ասածը նախագծի հետ կապ չունի, և որ նման հարցերը կարող են քննարկվել փակ նիստի ընթացքում:

Ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի` Ադրբեջանից բացի, այլ երկիր չկա, որ Ղարաբաղի ճանաչմանը դեմ լինի, բայց ճանաչումը պետք է արվի միջազգային հանրության դիրքորոշմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա առաջարկեց դրական եզրակացություն չտալ այդ նախագծին` հաշվի առնելով մոտեցումն այդ զգայուն, պատմական, համազգային խնդրի նկատմամբ:

Սկսվեց բանավեճ Զարուհի Փոստանջյանի ու Արտակ Զաքարյանի միջև: Զարուհի Փոստանջյանի կարծիքով` միջազգային գործընկերներին պետք չէ ուշադրություն դարձնել, որովհետև նրանք ոչինչ չարեցին այն ժամանակ, երբ ապրիլին Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ ու հարձակվեց: Իսկ Արտակ Զաքարյանը նշեց, թե միջազգային գործընկերները մի քանի անգամ անդրադարձել են այս խնդրին`ասելով, որ պետք է հասնել կայուն զինադադարի, ունենալ հստակ երաշխիքներ և այլն:

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»` պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագիծը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից չստացավ դրական եզրակացություն: Քվեարկությանը հանձնաժողովի անդամ պատգամավորները չմասնակցեցին: Արդյունքում` միայն դեմ քվեարկեց ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը, կողմ՝ Թևան Պողոսյանը: Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ հեղինակների օրինագիծը ԱԺ օրակարգ չի մտնի: «Դեռևս ճանաչման ժամանակը չէ, բայց այդ ժամանակը հեռու չէ»,- ասաց նա:

«Պետք է ճանաչել ԼՂՀ-ն, բայց անհամաձայնությունն այն է, երբ է այդ ժամանակը: Իմ խորին համոզմամբ` դեռ չի հասունացել, մեզ համբերություն է անհրաժեշտ: Չհիմնավորված նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք չունենք»,- նշեց Զաքարյանը՝ հավելելով, որ եթե լինեն լայնածավալ ռազմական գործողություններ, և այլ ճանապարհ չլինի, դժվար չի լինի, հավաքվել, քվեարկել` առանց քննարկումների: Սակայն, ըստ նրա, խնդիրն այն է, որ Մինսկի խմբի փաստաթղթում պետք է լինի ճանաչման գործընթաց, որ Հայաստանը մենակ չլինի: