կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-21 11:57
Քաղաքական

Ռեյտինգային ընտրակարգը չեղարկելու վերաբերյալ նախագիծը բացասական եզրակացություն ստացավ

Ռեյտինգային ընտրակարգը չեղարկելու վերաբերյալ նախագիծը բացասական եզրակացություն ստացավ

ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է չեղարկել ռեյտինգային ընտրակարգը: Նշենք, որ կառավարությունը նախագծին տվել է բացասական կարծիք:

Հիմնական զեկուցող` ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանում ներկայումս գործող ընտրակարգը որևէ այլ երկրում չկա: Նա նշեց, որ իշխող կուսակցությունը կողմ է գործող ընտրակարգին, ինչն իրենց համար ընդունելի չէ: «Ցանկացած ընտրակարգ ընդունելի է, որով ընտրությունները չեն կեղծվում»,- ասաց պատգամավորը՝ առաջարկելով անցում կատարել պարզ, համամասնական ընտրակարգին:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը չհամաձայնեց Նաիրա Զոհրաբյանի այն պնդմանը, որ մեր երկրում գործող ընտրական մոդելը որևէ այլ երկրում չկա: Նա նշեց, որ այս մոդելը տարածված է աշխարհի 20-ից ավելի երկրներում:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ժամանակին կոնսենսուսի արդյունքում կողմ է քվեարկել ընտրական օրենսգրքին: «Ես հասկանում եմ տիկին Զոհրաբյանի այն փաստարկը, որ հետո համոզվել են, որ դրա անհրաժեշտությունը չկա, բայց քանի որ սա եղել է քաղաքական կոնսենսուսի արդյունքում արված որոշման հետևանք, հետևաբար, կարծում եմ, որ այստեղ նստել և ընտրություններից 4 տարի առաջ խոսել այն մասին, որ` դուք առաջարկեք և մեծամասնությունը համաձայնվի, ճիշտ տարբերակ չէ»,- ասաց նա՝ բացատրելով, թե ինչու է դեմ քվեարկելու նախագծին: Նա առաջարկեց հանձնաժողովին` բերված նախագծին տալ բացասական եզրակացություն:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ ինքը նախորդ գումարման Ազգային ժողովում չի մասնակցել ընտրական օրենսգրքի՝ 4+4+4+4 ձևաչափով քննարկումներին, սակայն լավ հիշում է, որ այդ քննարկումներում կոնսենսուս չի եղել ընտրական օրենսգրքի և ընտրակարգի շուրջ: «Կոնսենսուս եղել է միայն Եվրամիության կողմից հատկացված գումարների ծախսման ուղղությունների շուրջ, դրանք վերաբերել են տեսախցիկներ տեղադրելուն, ցուցակներ հրապարակելուն: Ընտրակարգի շուրջ երբեք կոնսենսուս չի եղել»,- ասաց նա:

Ձայների` 5 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ նախագիծը ստացավ բացասական եզրակացություն: