Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Բազմասեր Առաքելյանի և Վահան Կարապետյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին:
Պատգամավորներն առաջարկում էին շրջանառության հարկ վճարողներին գործունեության առաջին երեք տարիներին ազատել առևտրական (առք ու վաճառքի), ինչպես նաև արտադրական գործունեությունից եկումուտների մասով շրջանառության հարկի վճարման պարտավորությունից:
Կառավարության եզրակացության նախագիծն ընթերցող` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն իր խոսքում նշեց, թե նախագծի ընդունումը կառավարությունը ոչ նպատակահարմար է համարում այն նկատառումներով, որ ներկայումս տարբեր նախագծերի ու առաջարկությունների քննարկման արդյունքում ակնհայտ է այն դիրքորոշումը, որ միայն շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումն անընդունելի է:
«Դրույքաչափի նվազեցումը պետք է կատարվի ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրմամբ, տվյալ դեպքում` անընդունելի է նաեւ շրջանառության հարկի վճարումից ազատելը' առանց ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրման»,- ասաց ֆինանսների նախարարը:
Հաջորդը` կառավարությունը համարում է, որ տնտեսությունում գործարքների լիարժեք փաստաթղթավորման արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն փոխհատուցել փոքր բիզնեսի կողմից վճարվող հարկերի նվազումը, այլեւ հարկման դաշտ բերել խոշոր բիզնեսի իրական շրջանառությունները:
«Նախագծի ընդունումը ոչ միայն չի լուծի գործարքների փաստաթղթավորման խնդիրը, այլեւ կհանգեցնի պետբյուջեի եկամուտների էական' չարդարացված կորստի»,- նշեց Գագիկ Խաչատրյանը:
Նախագծի հիմնավորումների վերաբերյալ էլ նախարարն ասաց, թե հիմնավորված չէ այն փաստարկը, որ շրջանառության հարկի վճարումից ազատելը կբերի նոր աշխատատեղերի ստեղծման ու կապահովի եկամտային հարկի լրացուցիչ մուտքեր: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, նշեց Գագիկ Խաչատրյանը, որ շրջանառության հարկ վճարողների շուրջ 70 տոկոսը' 38 հազար հարկ վճարողներ, հանդիսանում են վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերեր:
«Սուպերնախարարը» նշեց նաև, թե իրականությանը չի համապատասխանում նաև պատգամավորների այն փաստարկը, որ, շրջանառության հարկի ներդրմամբ պայմանավորված, հանրապետությունում փակվել են շուրջ 4000 փոքր օբյեկտներ, տասնյակ հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ գործում են կա'մ վնասով, կա'մ ցածր շահութաբերությամբ: «Բերված ցուցանիշը գերազանցում է անգամ ընդհանրապես լուծարված սուբյեկտների քանակը: Ընդ որում' 2013 թվականի ընթացքում պետական գրանցում են ստացել բազմաթիվ նոր տնտեսվարող սուբյեկտներ»,- այս առումով առարկեց Գագիկ Խաչատրյանը:
Շռայլության հարկի ներդրմանը զուգահեռաբար էլ, ասաց նա, նկատելիորեն պարզեցվել է շրջանառության հարկ վճարողների հարկային հաշվառումը, կրճատվել են նրանց կողմից վճարվող այլ հարկերը, հետեւաբար` շրջանառության հարկի ներդրմամբ հարկային բեռի բարձրացում չի եղել:
Գագիկ Խաչատրյանը նշեց նաեւ, որ այս ուղղությամբ կառավարությունում աշխատանքներ են տարվում, իրենք բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ինչպես խոշոր, այնպես էլ մանր ձեռնարկությունների, միությունների հետ, ներկայումս էլ պայմանավորվածություն ունեն, ու մոտ օրերս կավարտեն նախագծի լրամշակված տարբերակը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ հարկավոր է առաջարկել, որ ԱԺ-ում այն խմբակցություններն ու հասարակության այն շերտերը, որոնք ցանկություն ունեն, կարող են կառավարության հետ քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը: