կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-25 14:04
Հասարակություն

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց անկախ արհեստակցական մարմին ստեղծելու նախագծին

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց անկախ արհեստակցական մարմին ստեղծելու նախագծին

Այսօր  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին:

Հիմնական զեկուցողը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էր։ Նա նշեց, որ, անկախ արհեստակցական մարմին ստեղծելով, աշխատակիցները կախվածություն չեն ունենա իրենց գործատուներից: «Գործող օրենքով` արհմիությունները ստեղծվում են տվյալ գործատուի մոտ` այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող գործատուների թվից: Քանի որ ֆինանսավորման հիմնական աղբյուրը եղել ու մնում են գործատուի կողմից տրվող հատկացումները, արհմիությունները կաշկանդված են և կնքում են գործատուի ցանկացած որոշում: Ստեղծում ենք անկախ արհեստակցական կազմակերպություն, որ աշխատակիցները կարողանան անդամակցել և' իրենց աշխատավայրում գործող արհմիությանը, և', ցանկության դեպքում, նաև իրենց գործատուից որևէ կախվածություն չունեցող արհեստակցական միությանը»,- ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց, որ օրինագիծը հանձնաժողովի «բավարար» եզրակացությունն էր ստացել դեռևս 6-րդ գումարման խորհրդարանում, սակայն պատգամավորների ներկա չլինելու պատճառով այդպես էլ խորհրդարանականների կողմից չի քննարկվել ։

Նշենք, որ օրինագիծը ստացել է Հայաստանի գործող կառավարության բացասական եզրակացությունը: Խորհրդարանական հանձնաժողովը մերժեց օրինագիծը. կողմ քվեարկեց 4 պատգամավոր, դեմ՝ 5-ը։