կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-30 11:37
Արցախ

Եթե կայուն խաղաղություն լինի, մենք կկարողանանք կարգավորել Թուրքիա-Հայաստան, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները. Չավուշօղլու

Եթե կայուն խաղաղություն լինի, մենք կկարողանանք կարգավորել Թուրքիա-Հայաստան, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները. Չավուշօղլու

Դեկտեմբերի 29-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը: Համատեղ ասուլիսում Չավուշօղլուն հիշեցրել է, որ 2020 թվականին լրանում է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100 տարի, իսկ 2021 թվականին` Մոսկվայի համաձայնագրի ստորագրման 100 տարին:

Չավուշօղլուն նշել է, որ, բացի Ռուսաստանի արտգործնախարարի հետ երկկողմ հարաբերություններից, քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղը, Սիրիան, Լիբիան, Մերձավոր Արևելքը և Արևելյան Միջերկրական ծովը: Թուրք նախարարը շեշտել է, որ մինչ այժմ տարածաշրջանային խնդիրների շուրջ երկու երկրների համագործակցության շրջանակներում ձեռնարկված քայլերը շոշափելի արդյունքներ են տվել:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադար է հաստատվել: Տեղակայված է ռուսական խաղաղապահ առաքելություն: Ստեղծվում է համատեղ դիտորդական կենտրոն, որը շուտով կգործի: Մեր նպատակն է այստեղ հասնել կայուն խաղաղության և կայունության, որի համար մենք պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր հնարավորությունները, ներառյալ՝ G6 ձևաչափը, և քայլեր պետք է ձեռնարկվեն վստահություն ստեղծելու ուղղությամբ: Հավատում եմ, որ հենց այդ քայլերն արվեն, մենք կհաստատենք տևական խաղաղություն և դրանով կկարգավորենք հարաբերությունները տարածաշրջանի երկրների միջև... Մեր նախագահը և մենք բազմիցս ասել ենք, որ եթե այս գործընթացն ընթանա իր հունով, եթե տևական խաղաղություն լինի, մենք կկարողանանք կարգավորել Թուրքիա-Հայաստան, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները: Դա այն է, ինչ պետք է արվի: Մենք այս հարցի շուրջ համակարգելու ենք մեր աշխատանքը Ադրբեջանի հետ: Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը այստեղ կարևոր է: Մենք իսկապես ցանկանում ենք տեսնել այդպիսի արդյունք, որպեսզի լինի խաղաղություն, կայունություն, տնտեսական զարգացում, որպեսզի մեր առաքելությունները հետագայում ստիպված չլինեն այնտեղ խաղաղություն հաստատել և վերահսկել»,– հայտարարել է Չավուշօղլուն։