կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-19 13:32
Քաղաքական

Էրդողանը ցանկանում է դառնալ սուննի աշխարհի առաջնորդ, արևելքի սուլթան. Արման Նավասարդյան

Էրդողանը ցանկանում է դառնալ սուննի աշխարհի առաջնորդ, արևելքի սուլթան. Արման Նավասարդյան

Այսօր նախկին  արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների նոր փուլին և Թուրքիայում անցկացված աահմանադրական հանրաքվեին: Նրա խոսքով` այն, ինչ կատարվեց Թուրքիայում, բեկումնային է լինելու երկրի արտաքին ու ներքին քաղաքականության համար:

«Այն, ինչ կատարվում է հիմա Թուրքիայում, երկրորդ արարն է այն բեմադրության, որը սկսվեց 2016-ին: Ես հիմա արդեն համոզված եմ, որ Էրդողանը «սարքեց» իր դեմ այն հեղաշրջման փորձը, որպեսզի կարողանա կատարել իր երկրորդ քայլը` սահմանադրական հանրաքվեն»,- ասաց Արման Նավասարդյանը:

Ըստ նրա` այդ հանրաքվեն կարող է փոփոխել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Էրդողանը, ըստ Նավասարդյանի, փորձ է անում անցնել ավտորիտար կամ տոտալիտար ռեժիմի, ցանկանում է վերականգնել մահապատիժը: Եվ եթե այդպես լինի, կփակվի դեպի ԵՄ Թուրքիայի մուտքը: Ըստ Նավասարդյանի` Էրդողանին այդքան էլ չեն մտահոգում ԵՄ-ի հետ հարաբերությունները, նա հիմա փորձում է զարգացնել իր արտաքին քաղաքականության արևելյան վեկտորը:

«Էրդողանը ցանկանում է դառնալ սուննի աշխարհի առաջնորդ, արևելքի սուլթան, որը, նրա պատկերացմամբ, պետք է փոխի Թուրքիայի ու տարածաշրջանի երկրների զարգացման ընթացքը»,- ասաց Արման Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններին, նրա խոսքով, Թրամփն այնքան էլ չի կարևորում Թուրքիայի պես պետություններին, բայց փաստ է, որ նրանց հարաբերությունները այնքան էլ փայլուն չեն: Փայլուն չեն հարաբերությունները նաև Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, դրա վառ ցուցիչն  են իրադարձությունները Սիրիայում: Ռուսաստանի ու Թուրքիայի միջև աշխարհաքաղաքական խնդիրները միշտ գերակայել են նրանց միջև երկկողմ հարաբերություններին:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններն` Աշոտ Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ սխալ է այն գերիշխող տեսակետը, թե որքան Թուրքիան շատ խնդիրներ ունենա ներսում ու արտաքին քաղաքականության մեջ, այնքան Հայաստանի համար լավ կլինի: «Դա քաղաքական խնդիրների պարզունակ բացատրություն է, որովհետև եթե Թուրքիայում ռազմա-քաղաքական քաոսային վիճակ առաջանա, դա կարող  է շատ ավելի վտանգավոր լինել Հայաստանի համար, քան Էրդողանի ավտորիտար ռեժիմի հաստատումը»,- ասաց Արման Նավասարդյանը: