կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-26 13:28
Քաղաքական

Արտեմ Ասատրյանը չի կարող կանխել այլ նախարարությունների ճոխ գնումները

Արտեմ Ասատրյանը չի կարող կանխել այլ նախարարությունների ճոխ գնումները

Այսօր 2015թ. սոցիալական տարին ամփոփեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա անընդմեջ շեշտում էր, որ կառավարությունը սոցիալական ոլորտի քաղաքականությունն իրականացնում է իր ունեցած հնարավորությունների շրջանակում:

Լրագրողների հարցին` ինչպե՞ս է ստացվում, որ կառավարությունն ունի հնարավորություն ճոխ ծառայողական մեքենաներ գնելու, ԿԲ նախագահի աշխատավարձը բարձրացնելու, ֆինանսների նախարարության ճոխ ծախսերն անելու, բայց չունի հնարավորություն տնտեսելու ու սոցիալական ոլորտին ուղղելու, նախարարը պատասխանեց, որ բյուջեի պլանավորումն ունի տրամաբանություն, և որ յուրաքանչյուր նախարարություն, երբ ներկայացնում է իր ծախսերը, դա քննարկվում է, և կայացվում են որոշումներ: Եվ որևէ սոցիալական խնդիր, ըստ նախարարի, դուրս չի մնացել կառավարության ուշադրությունից:

«Յուրաքանչյուր պետական մարմնի ղեկավար առաջին հերթին իր ոլորտի ծրագրերի պատասխանատուն է: Բոլոր ղեկավարները կարևորում են իրենց ոլորտի ծրագրերն ու ծախսերը, ներկայացնում կառավարություն քննարկմանը: Եթե դուք կարծում եք, որ ես ունեմ այդքան ժամանակ մանրամասն ուսումնասիրելու պետական այլ մարմինների բոլոր ուղղությունները, թե ինչ ծրագրեր ու գնումներ են նախատեսել, դա այդպես չէ, որովհետև բյուջետային գործընթացի շրջանակները աշխատատար են: Մեզանից յուրաքանչյուրն իր գործը պետք է անի,և լավ անի»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ նախարարը չցանկացավ խոսել իր ոլորտի բացթողումների մասին, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ ինքը որոշեց խոսել ձեռքբերումների մասին, որովհետև ամբողջ տարին լրագրողները խոսել են սոցիալական ոլորտի թերությունների մասին` դրանց մեծ տեղ հատկացնելով:

«Իհարկե, որևէ պարագայում հնարավոր չէ ամբողջությամբ և լիարժեք իրականացնել ծրագրերը կամ դրված նպատակները: Չեմ ցանկանում հայեցողական գնահատականներ տալ որևէ ծրագրի, դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ: Խնդիրներ ու բացթողումներ կան, դրանք աշխատանքի մաս են կազմում, բայց դրանք ժամանակին վերլուծվում են ու դրանց վերացման ուղղությամբ ժամանակին քայլեր են ձեռնարկվում»,- ասաց նախարարը` հավելելով, որ հաջորդ տարի հնարավորություն կլինի յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ առարկայական քննարկում կազմակերպելու և բացթողումները արձանագրելու: