Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 25-ին հրավիրել է տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիս:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ գործադիրի ղեկավարն անդրադարձել է ԱԺ-ի հավանությանն արժանացած՝ 2016թ. պետբյուջեի հիմնական ուղղություններին և պատասխանել կառավարության գործունեությանն ու նախատեսվող ծրագրերին վերաբերող շուրջ երեք տասնյակ հարցերի:
Անցնող տարին, իր դժվարություններով հանդերձ, վարչապետի գնահատմամբ, տնտեսական ձեռքբերումների տարի է: Ըստ Ա. Հարությունյանի՝ այն առանձնացել է նաև ժողովրդագրական բնական աճի բարձր ցուցանիշով, ինչպես նաև՝ բյուջեի կատարողականի ապահովմամբ:
Վարչապետի խոսքով՝ չնայած, գալիք տարվա պետբյուջեն թվային ցուցանիշներով քիչ կտարբերվի 2015 թվականից, այնուհանդերձ, մի շարք ոլորտներում զգալի փոփոխություններ են նախատեսվում՝ սոցիալական և տնտեսական մեկնարկային նոր նախագծերով արտահայտված:
Գործադիրի ղեկավարը, մասնավորապես, մանրամասնել է. «2016թ. կմեկնարկի 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար բնակարանաշինության ծրագիրը: Կառավարությունը կփոխհատուցի սպայական անձնակազմի ուսանող երեխաների ուսման վարձերը՝ դրանով փոքր-ինչ թեթևացնելով սպաների ընտանիքների սոցիալական բեռը: Նոր ծրագրեր ենք նախատեսում առողջապահության և գյուղատնտեսության բնագավառներում, խոշոր ներդրումներ կկատարվեն հիդրոէներգետիկայի ոլորտում»:
Անդրադառնալով Արցախի անվտանգության ներկա մակարդակին՝ վարչապետը նշել է.«Հայոց բանակը միշտ պատրաստ է եղել պատերազմի, և առաջիկայում էլ ավելի ենք հզորացնելու մեր զինված ուժերի պատրաստականությունն ու սահմանների ամրությունը: Իսկ կառավարությունն իր ամենօրյա ուշադրության ներքո է պահում պարենային, էներգետիկ անվտանգության և քաղաքացիական պաշտպանության մակարդակի բարձրացման աշխատանքները: Պարենային անվտանգության մասով մեր գլխավոր ձեռքբերումն այն է, որ վերջին տարիներին ապահովել ենք առաջնային նշանակության որոշ մթերքների ինքնաբավության բարձր աստիճան, որը, ռազմավարական նշանակություն ունենալուց բացի, դրական է անդրադառնում նաև տնտեսության վրա: Խոսքս վերաբերում է, մասնավորապես, մսամթերքին, հացահատիկներին, ձեթին և այլ ապրանքների: Ինչ վերաբերում է քաղաքացիական պաշտպանությանը, ապա չկա վերջին տարիներին կառուցված մի շենք, որը չի համապատասխանում քաղպաշտպանության նորմերին: Ավելին՝ ենթակառուցվածքների բարելավման ծրագրերն իրականացնելիս ելնում ենք առաջնահերթորեն հանրապետության ռազմական և քաղաքացիական պաշտպանունակության մակարդակի բարձրացման նպատակից»:
«Սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծումը մեր առաջնահերթություններից է, որտեղ իրականացնում ենք թե՛ բնակարանաշինական, թե՛ սոցիալ-տնտեսական նախագծեր: Ուշագրավ է, որ հանրապետությունում ամենաշատ ծրագրերը կյանքի ենք կոչում Թալիշ և Մատաղիս գյուղերում՝ ընդգրկելով բնակարանաշինությունը, գյուղատնտեսությունը, հիդրոէներգետիկան և տնտեսության այլ ճյուղեր: Նոր աշխատատեղերի ստեղծմամբ և բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման այլ ծրագրերի միջոցով նպատակ ունենք ամրացնելու մեր սահմանամերձ շրջանները»,- ընդգծել է վարչապետը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Սարսանգի ջրամբարի ջրային պաշարների գյուղատնտեսական նպատակներով օգտագործման հնարավորություններին՝ պարզաբանելով, որ այսօր էլ էներգետիկ նպատակներով օգտագործվում է ջրամբարը, սակայն ոռոգման համար անհրաժեշտ է կա՛մ փոխշահավետորեն համագործակցել Ադրբեջանի հետ, կա՛մ ոռոգման այլընտրանքային համակարգ կառուցել:
«Քանի որ պաշտոնական Բաքուն հրաժարվում է համագործակցությունից, այդ պատճառով մենք նախատեսում ենք միջոցներ ուղղել մեր սեփական և անկախ համակարգի ձևավորման գործին»,- ընդգծել է վարչապետը:
Ի պատասխան Արցախի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ նախաձեռնությանը կողմ քաղաքական ուժերն առաջիկայում դիմելու են հանրապետության նախագահին՝ պաշտոնական քննարկումների մեկնարկը տալու համար:
Վարչապետի բնորոշմամբ՝ սահմանադրական փոփոխությունները միտված կլինեն տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրների վերացմանը և առանձին պետական կառույցների արդյունավետության բարձրացմանը: