կարևոր
3709 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-20 20:53
Հասարակություն

«Մենք էնդեմիկցի ենք». տարեվերջյան ցուցահանդես՝ արվեստի կենտրոնում

«Մենք էնդեմիկցի ենք». տարեվերջյան ցուցահանդես՝ արվեստի կենտրոնում

Արտաշատ քաղաքում գործող «Էնդեմիկ» արվեստի կենտրոն իր առաջին սաներին ընդունել է 2016 թվականին։ Ներկա պահին ստուդիան ունի Երևանում և Արտաշատում գործող երկու մասնաճյուղ: Երևանում մասնաճյուղ ունենալը հետապնդել է մեկ նպատակ՝ կարողանալ կապ ստեղծել մարզի և Երևանի երեխաների միջև։

Ստուդիայի հիմնադիր Սուսաննա Գալստյանի նախաձեռնությամբ այսօր Երևանի մասնաճյուղում բացված տարեվերջյան ցուցահանդեսում ներկայացվել են քառասուներեք սաների հիսունմեկ աշխատանք։ Ըստ Սուսաննա Գալստյանի՝  ներկայումս միայն ինքն է աշխատում երկու կենտրոններում: Նա շաբաթվա օրերը բաժանել է. երեք օրն Արատաշատում է, երեքը՝ Երևանում։ Ստուդիա ընդունվելու համար չկա տարիքային սահմնափակում. հիմնադիրը  նշում է՝ արվեստի մեջ տարիքային սահմնափակում լինել չի կարող, և եղել են դեպքեր, որ նույնիսկ քառասուն տարեկան աշակերտ է ունեցել։

«Արտաշատի՝ Երևանին շատ մոտ գտնվելը քաղաքին խանգարում է, որ այն մշակութային կենտրոնների առումով զարգանա: Իմ գործունեության նպատակը հենց այդ խնդիրը հաղթարահելն էր: Գովելի է այն, որ այսօր Արտաշատում կան մի քանի կենտրոններ, որտեղ երեխաները կարող են հաճախել»,- նշում է Սուսաննա Գալստյանը։

Կենտրոն հաճախող սաների դասապրոցեսներն անցնում են երկու փուլով. սկզբնական փուլում նրանք ազատ են իրենց ստեղծագործությունների մեջ, հաջորդիվ կատարվում է նկարիչների հետ ծանոթացում և նրանց աշխատանքների վերափոխման գործընթաց։

«Հինգից յոթ տարեկան երեխաներն ամենևին էլ ստեղծագործելու խնդիր չունեն, նրանց միտքը բավականին ակտիվ է։ Տարիքի մեծացմանը զուգահեռ ստեղծագործող երեխան սկսում է կառչել նյութերից»,- պատմում է կենտրոնի հիմնադիրը։

Կենտրոն են հաճախում նաև Արցախցի երեխաներ, և այսօր ցուցադրված էին նրանց աշխատանքներից ևս։ Հարցին՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ երեխաներն են մոտենում արվեստին, Սուսաննա Գալստյանը  պատասխանում է՝ երեխաներն արվեստի նկատմամբ ցուցաբերում են ամենազնիվ և անկաշկանդ մոտեցումներ։

«Նկարը ստեղծելուց երեխան ամենևին էլ չի մտածում, թե հնարավոր է ստանալ այդ կերպարը, մտքով անցել է, ուրեմն ստեղծելու է. սա՛ է գաղտնիքը նրանց աշախատանքների՝ արվեստի ազատությունը։

Անդրադարձանք նաև կենտրոնի անվանմանը։ Ըստ հիմնադիրի՝ «Էնդեմիկ» անվանումն ի սկզբանե կապել են իր կերպարի հետ։ Շատ են եղել մարդիկ, որոնց մոտ զարմանք է առաջացրել այդ անվանումը, դա նրանք ասոցացրել են ինչ-որ հիվանդությունների հետ։ Հիմնադրի խոսքով՝ ընտրված անվանումը հոգեբանական մեծ ազդեցությունն է ունենում մարդկանց վրա, անգամ սաները, ցույց տալու համար, թե որտեղ են հաճախում, ասում են՝ «մենք էնդեմիկցի ենք»։ Կենտրոնում անցկացվում են նկարչության, խեցեգործության և կիթառի դասընթացեր։

Սյուզի Դավթյան

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ,

կուլտուրայի ֆակուլտետ,

լրագրության բաժին,

3-րդ կուրս