կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-28 16:58
Մշակույթ

«Մետրո»` նոր գրախանութ Երևանում. տարեվերջյան նվեր` ընթերցասերներին

«Մետրո»` նոր գրախանութ Երևանում. տարեվերջյան նվեր` ընթերցասերներին

Երևանում նոր գրախանութ է բացվել. մետրոյի «Բարեկամություն» կայարանի տարածքում այսուհետ կգործի «Մետրո» գրախանութը: Գրախանութի տնօրենն արձակագիր Սարգիս Հովսեփյանն է: yerkir.am-ի զրուցակիցը Սարգիս Հովսեփյանը:

Ինքնաբերաբար հասունացավ այն պահը, որ իմ սեփական խանութն ունենամ

Միշտ ուզել եմ գրախանութ ունենալ, բայց շատ աբստրակտ է եղել այդ ցանկությունը, և բացարձակ չեմ պատկերացրել` ինչ է պետք դրա համար` հատուկ հմտություններ, գիտելիքներ, միգուցե կապեր: Այնպես ստացվեց, որ գործի բերումով սկսեցի աշխատել գրքի շուկայում` մեծածախ վաճառքում և ինքնաբերաբար հասունացավ այն պահը, որ իմ սեփական խանութն ունենամ: Իհարկե, մինչև վերջ չեմ պատկերացրել` ինչերի կարող եմ բախվել, բայց կյանքն այնպես է, որ ամեն պահ ինչ-որ բան պետք է հաղթահարես, և սա հերթականն է քայլն է, որը, հույս ունեմ, բարեհաջող ավարտ կունենա: Գրախանութ բացելը համալիր դրդապատճառների արդյունք է. առաջին հերթին ինքս ինձ համար աշխատատեղ էի ուզում ստեղծել` այդպիսով կկարողանամ ավելի ազատ տնօրինել ժամանակս…

Գրախանութները չպետք է կենտրոնացած լինեն միայն Երևանի կենտրոնում

Գրախանութի անվան հետ կապված երկար չեմ մտածել` միակ սկզբունքն այն էր, որ պաթետիկ չլինի: «Մետրո»-ն այնքանով էր լավ, որ հա՛մ պաթետիկ չէր, հա՛մ էլ մոտավոր հուշում էր գրախանութի գտնվելու վայրը: Իսկ վայրի ընտրության հարցում` մի քիչ երկար եմ մտածել, բայց վերջում ընտրությունս կանգա առավ Բարեկամության մետրոյի տարածքը, քանի որ այստեղ շարժը շատ է: Բացի այդ, կուզեի, որ գրախանութները կենտրոնացած չլինեին միայն Երևանի կենտրոնում, այլ տարածված լինեին քաղաքով մեկ, և մարդկանց համար նորմալ լիներ, որ ամեն քայլափոխի կարող են գրախանութ հանդիպել:

Գրականությունը պետք է զերծ լինի ամեն տեսակ սահմանափակումներից

Գրախանությում կարող եք գտնել ցանկացած ժանրի գիրք. ժանրային որևէ սահմանափակում, կամ որևէ հեղինակի, հրատարակչության սահմանափակում չկա, քանի որ, իմ խորին համոզմամբ, գոնե գրականությունը պետք է զերծ լինի ամեն տեսակ սահմանափակումներից, հետևաբար նաև գրախանութը: Բացի հայերենից, ռուսերեն և ֆրանսերեն գրքեր էլ կան, այնպես որ, փորձում եմ դիվերսիֆիկացվել, որ առաջիկայում  բոլոր ժանրերից բոլոր լեզուներով ինչ-ինչ բաներ ունենամ ներկայացրած: Փորձել եմ միջավայր ստեղծել, գնորդներին շահագրգռել նաև զեղչային քաղաքականությամբ: Գիրքն այնպիսի բան է, որ մարդիկ հիմնականում նպատակաուղղված գնում են գիրք գնելու, այսինքն` միրգ չի, որ ձեռքի հետ գնեն: Ուստի, որ տեղը սովորեցին, հույս ունեմ, որ կաշխուժանա ելք ու մուտքը: Հետագայում գրախանութում կլինեն շնորհանդեսներ, արտհաուսային ֆիլմի դիտումներ, հանդիպումներ հեղինակների հետ:

Կուզեի` գրախանութ ունենալն արդարացված լիներ

Ուզում եմ`  մեր քաղաքում ավելանան գրախանութները, քանի որ փորձը ցույց է տալիս, որ մարդիկ, առհասարակ, հետաքրքրված են գրքով, բայց միակ խնդիրը, որը գրքի շուկայի զարգացմանը խանգարում է, մարդկանց սոցիալական պայմաններն են: Չկա նման բան, թե մարդիկ չեն ուզում կարդալ` գիրք չեն գնում սոցիալական պայմաններից ելնելով, քանի որ գիրք գնելն արդյունքում տանուլ են տալիս կենցաղային ինչ-որ անհրաժեշտության: Սրան գումարած` գիրքն էլ գնալով թանկանում է, քանի որ հրատարակելը սկսում է ավելի թանկ արժենալ: Բայց, կարծում եմ, եթե ցանկություն ունեն, ամսվա մեջ գոնե մեկ գիրք կարող են գնել: Այս ամենի լուծումը մեկն է` մարդկանց սոցիալական վիճակը լավացնել, մտածել` ո՞նց անել, որպեսզի քաղաքացին առնվազն նորմալ ապրի, որ կարողանա իրեն թույլ տա ոչ թե երկար-բարակ կշռադատելու արդյունքում գիրք գնի, այլ` երբ ուզում է գնել` ի վիճակի լինի գնելու: Կուզեի` առնվազն գոնե գրախանութն ինքն իրեն պահեր, մեծ եկամուտներ չեմ ակնկալում, բայց կուզեի` գրախանութ ունենալն արդարացված լիներ: Ինձ թվում է` եթե ինձ մոտ ստացվի, ուրիշներն էլ կփորձեն ու կսկսեին քաղաքի այլ վայրերում գրախանութներ բացել:

Լուսանկարը` Զորիկ Գալստյանի