Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մշակույթի նախարարությունը ստեղծագործական կոլեկտիվի ստեղծագործական գործունեությանը խառնվելու իրավունք չունի: «Մենք կարող ենք, ասենք, պետական պատվերով որևէ ստեղծագործություն բեմադրել»,- այսօր լրագրողներին ասաց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը` խոսելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դրիրժորի հաստիքի վերացման մասին:
Ըստ նրա` թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարը` Գեղամ Գրիգորյանը, իր յուրահատուկ տեսլականն ունի` հրավիրյալ դիրիժորների միջոցով խթանել թատրոնի զարգացումը: «Մշակույթի նախարարությունն էլ նպատակահարմար է գտնում նման ծրագրի իրագործումը»,- ասաց փոխնախարարը:
Yerkir.am-ի հարցին, թե տարիներ առաջ, երբ թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը վերացրեցին, փորձը ցույց տվեց, որ սխալ քայլի են գնացել, և այս տարի այն վերականգնվեց, արդյո՞ք մտավախություն չկա, որ, գլխավոր դիրիժորի հաստիքը կրճատելով, դարձյալ սխալճեն գործում, Պողոսյանը պատասխանեց, որ պետք է փորձեն և սպասեն արդյունքի:
«Այնպես չէ, որ գեղարվեստական ղեկավարի հաստիքը վերականգնվեց, քանի որ դրա պակասը կար, և այնպես չէ, որ, առանց գեղարվեստական ղեկավարի, թատրոնը զարգացում չէր ապրում: Եթե տեսնենք` այս ծրագիրը չի տալիս արդյունք…»,- խոսքն այդպես էլ չավարտեց Պողոսյանը:
Մեր հաջորդ հարցադրմանը, թե թատրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ օպերայի թատրոնում նման նախադեպ չի եղել, որ մնան առանց գլխավոր դիրիժորի, փոխնախարարի կարծիքով` նորմա՞լ է, որ թատրոնը չունի գլխավոր դիրիժորի հաստիք, Պողոսյանը պատասխանեց, թե չկա ինչ-որ մոդել, որի վրա հենվելով` կարող է ասել` նորմա՞լ է, թե՞ ոչ: «Նորից եմ ասում` նախարարության միջամտությունը ոչ կոռեկտ կլինի, քանի որ մենք իրավասու չենք, ինչպես նաև բարոյական առումով էլ ճիշտ չի լինի միջամտել ներքին հարցերին»,- ասաց նա:
Հիշեցնենք միայն, որ օպերայի թատրոնը մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող կառույց է:
Հարցին, թե ինչպե՞ս է փոխնախարարը վերաբերվում այն լուրերին, ըստ որոնց` Դուրգարյանն այս ամենի հետևանքով գուցե լքի Հայաստանը, Պողոսյանը պատասխանեց` լավ չէ, որ նա փորձում է հեռանալ: «Ցանկացած քաղաքացի, որ գնում է Հայաստանից, ես ցավ եմ ապրում»,- ասաց նա:
Մշակույթի նախարարությունը նոր քաղաքականություն է մշակել` երբ ձեռնտու չէ իրավիճակը, սրտաճմլիկ տեքստերով հայտարարում են, թե իրենք իրավասու չեն միջամտել, և դեմքի`այնպիսի անմեղ արտահայտությամբ, կարծես, իրոք, տվյալ կառույցին այնքան անկախություն է տրված, որ որոշումներն ինքնուրույն են կայացնում, նախարարության ձայնն էլ տեղ չի հասնում:
Ուշագրավ է նաև Պողոսյանի պատասխանը, թե այնպես չէ, որ գեղարվեստական ղեկավարի հաստիքը վերականգնվեց, քանի որ պակասը կար. տեսնես Գեղամ Գրիգորյանը գիտի՞, որ վերևներում կարծում են, թե իր պակասը չկար թատրոնում: Պարո\'ն փոխնախարար, եթե չկար պակասը, ինչո՞ւ վերականգնվեց այդ հաստիքը, կարո՞ղ է թատրոնի բյուջեում փողերի կուտակում է առաջացել, և չգիտեք` ինչպե՞ս ծախսել դրանք:
Իսկ ինչ վերաբերում է բյուջեին, ապա հարցին, թե արդյո՞ք ավելի թանկ չի նստի թատրոնի գեղարվեստական ղեկավարի առաջարկած նոր ծրագիրը` հրավիրյալ դիրիժորների հետ համագործակցել, Պողոսյանը, որքան էլ տարօրինակ է, պատասխանեց. «Եթե նույնիսկ ավելի թանկ արժի, խնդիրը ստեղծագործական է, ստեղծագործական զարգացումն է հարցը»:
Մեր ճշտող հարցին` այսինքն` նախկինում թատրոնը, երբ ուներ գլխավոր դիրիժոր, այնքա՞ն էլ լավ չէր զարգանում, և դա կապված էր հենց գլխավոր դիրիժորի՞ հետ, Պողոսյանը ճցանկացավ պատասխանել:
Մնում է միայն մշակույթի նախարարությունը հավատա իր հորինած, այն էլ` վատ հորինած ստին, թե չէ` առհասարակ գնալով ավելի ծիծաղելի է դառնում նախարարության կարգավիճակը:
Կարինե Հարությունյան