Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ դեռ մարտ ամսին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը թատրոնը «վերածել» է բիզնես-կենտրոնի: Թերթի տեղեկություններով` Ալեքսանդր Գրիգորյանի փեսան` Էրվին Ամիրյանը, թատրոնի շենքում սառույցի արտադրամաս է հիմնել: Իսկ Գրիգորյանի դուստրը՝ Նորա Գրիգորյանը, «7th heaven» անվամբ հարսանյաց սրահ է բացել թատրոնի հարակից տարածքում:
Yerkir.am-ն այցելեց թատրոն` տեղում իրավիճակին ծանոթանալու: Տեղում սառույցի արտադրամասի փոխարեն «հայտնաբերեցինք» վարձով տրվող տարածքներ, որտեղ գործում էին տուրիզմի` ավիատոմսերի առք ու վաճառքի, հուշանվերների խանութ-գրասենյակներ: Թատրոնն ունի նաև մեծ նկուղ, որն էլ որպես պահեստ է ծառայում:
Զրուցեցինք Ալեքսանդր Գրիգորյանի հետ, ով նշեց, որ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: «Այդ ամենը սուտ է, սադրանքներ են, ոչ մի սառույցի արտադրամաս էլ չկա»,- վստահեցրեց նա:
Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը նշեց, որ թատրոնի շենքը պետական սեփականություն է, և գույքը տնօրինում է ՊԵԿ-ը: Ըստ նրա` քանի որ թատրոնը ՊՈԱԿ-ի կարգավիճակում է, ըստ օրենքի` մինչև 1 տարի ժամկետով թատրոնն իրավունք ունի /դիմելով մշակույթի նախարարությանը/ տարածք հանձնել վարձակալության:
«Թատրոնն ունի նման տարածքներ, որոնք տրվում են վարձակալության, բայց թատրոնում չի կարող լինել սառույցի արտադրամաս, ոչ էլ թատրոնին կից հարսանյաց սրահ կա: Մենք մտածում ենք` այնպիսի ընկերություն լինի տարածքում, որ չխանգարի թատրոնի գործունեությանը»,- ասաց Դավթյանը:
Ըստ նրա` այս խոսակցությունները սկիզբ են առել այն ժամանակ, երբ դեռ փետրվար ամսին իրենց աշխատակիցներից մեկը, սեփական դիմումի համաձայն, որոշել է դուրս գալ թատրոնից: Թատրոնի տնօրենի հավաստմամբ` այդ աշխատակիցը լսել է, որ Գրիգորյանի աղջիկն ու փեսան ցանկանում են ինչ-որ գործունեություն ծավալել, բայց ոչ` թատրոնի տարածքում, ինչից էլ սկիզբ է առել այդ ամենը:
«Մտածում եմ` կարո՞ղ է քաղաքական քամիներ են: Ես պետք է այդ ամենը վերլուծեմ: Ասում են` կարո՞ղ է` թատրոնը փակվի, ախր, հեշտ չի, է, ռուսական պետական թատրոն փակել: Իմ կարծիքով` ուղղությունը բռնած էր հենց պարոն Գրիգորյանի վրա»,- ասաց թատրոնի տնօրենը:
Ի դեպ, նա տեղեկացրեց նաև, որ վերջին 2-3 շաբաթվա ընթացքում մշակույթի նախարարությունից և ՊԵԿ-ից ներկայացուցիչներ են այցելել թատրոն, տարածքները, պայմանագրերը ստուգել և ոչինչ չեն հայտնաբերել:
Yekir.am-ը գրավոր դիմել էր մշակույթի նախարարություն` հարցի հետ կապված նախարարության դիրքորոշումն իմանալու: Նախարարությունից ստացել էինք լղոզված պատասխան /հարցին պատասխանել էր փոխնախարար Արև Սամուելյանը/, թե` «Ներկայում թատրոնի տարածքում սառույցի արտադրամասի կամ «7th heaven» անվամբ հարսանյաց սրահի գործունեություն ծավալելու համար տարածքների վարձակալության տրամադրման հայտեր մշակույթի նախարարությունը չի ստացել»:
Մեղմ ասած` զարմանալի է, որ նախարարությունը չի շտապում կամ չի էլ ցանկանում հայտարարել, որ ստուգումներ են անցկացրել, և հրապարակել դրանց արդյունքը` եղած լուրերը հերքել կամ հաստատելու համար:
Ի դեպ, դրանց արդյունքը հրապարակել էր խոստացել նաև մշակույթի նախարարը. օրեր առաջ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը hraparak.am-ի հետ զրույցում նշել էր, թե տեղյակ էր այդ լուրերին, այդ ահազանգն իրենք էլ են ստացե, նաև նշել էր, որ «էս երկու օրը պաշտոնական հայտարարություն կտարածեն»: «Թատրոնն ինչ-որ տնտեսվարող գործընթացների մեջ ա՝ ՊՈԱԿ-ի հետ կապված, որոնք, կարծում եմ, ճիշտ որոշումներ չեն ընդունվել, բայց իմ տեղակալը հիմա էդ հարցով զբաղվում ա, պարզաբանումներ ենք ուզել տնօրինությունից, մինչեւ տեսնենք ինչ ա»,- ասել էր նախարարը:
Թե ո՞ր տեղակալն է զբաղվում այդ հարցով, պարզ չէ, բայց մեր հարցման պատասխանից պարզ էր դառնում մեկ բան` նախարարությունը սպասում է` տարածքի վարձակալման հետ կապված որևէ հայտ ստանա թատրոնից և նոր միայն միգուցե զբաղվի այդ հարցով: Մշակույթի նախարարությունում ձախ ձեռքը չգիտի՞` ինչ է անում աջը: Թե ինչի՞ց է սկիզբ առնում այս հակասությունը և ում է ձեռնտու այն, պարզ չէ, հուսանք` նախարարը, ինչպես և խոստացել էր, հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
Կարինե Հարությունյան