Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից եւ նշանակվել մշակույթի նախարարի խորհրդական:
Yerkir.am-ի հետ զրույցում Կամո Հովհաննիսյանը նշեց, որ իր` թոշակի անցնելու տարիքն արդեն մի քանի տարի է, ինչ լրացել էր, եւ ինքն աշխատանքից ազատվելու մասին վաղուց էր մտմտում:
«Արդեն նախնական փնտրտուքը կար այլ աշխատանքի, մտածում էի` ո՞ւր կարող էի գնալ այս տարիքիս, քանի որ ուղղակի թոշակի անցնել չէի կարող: Հետո կողմնորոշվեցի: 1-2 ամսվա պատմություն ունի իմ որոշումը»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ իր որոշումն ամենեւին էլ կապ չունի վերջերս օպերայի թատրոնում տեղի ունեցած դեպքերի հետ:
«Աշխատողներս, այո, բողոքում էին` պահումների հետ կապված, ինչպես նաեւ, աշխատավարձերի բարձրացման հետ կապված, փոքր խնդիր էր ծագել` հունվարից բարձրացել էր որանց աշխատավարձը, սակայն նրանք չէին ստացել դա, քանի որ հաշվապահական որոշ հարցեր էին առաջացել, բայց հարցն արդեն լուծվում է: Մարտի սկզբին նրանք կստանան նաեւ հունվար ամսվա աշխատավարձի այդ բարձրացված տոկոսը: Ինչ-որ պատճառ պետք չէ փնտրել իմ` աշխատանքից հեռացման հետ կապված, արդեն տարիքս էն չէր»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:
Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ 15 տարի աշխատել է թատրոնում, աշխատել է նվիրված, իր ղեկավարած տարիներին թատրոնն ունեցել է թե՛ հաջողություններ, թե՛ դժվարություններ:
«Շատ գոհ եմ իմ անցած ճանապարհից, հպարտ եմ, որ 15 տարի եղել եմ տնօրեն, եղել եմ իմ կոլեկտիվի հետ, նրանց կողքին, յուրաքանչյուր դժվարություն կիսել եմ նրանց հետ, հաջողությունների համար` ուրախացել: Արտիստները նվիրյալներ են եւ ես կարծում եմ, որ մեր կոլեկտիվում շատ-շատ է նվիրյալների քանակը: Օպերայի թատրոնում ամեն ինչ պետք է լավ լինի եւ կլինի»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց նաեւ, որ նախարարի խորհրդական լինելն ամենեւին էլ չի խանգարում իր` թոշակառու լինելուն: