կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-24 18:15
Մշակույթ

Անելու եմ այն, ինչ չէր արվել. Տիգրան Դավթյանն իր` օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու մասին

Անելու եմ այն, ինչ չէր արվել. Տիգրան Դավթյանն իր` օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու մասին

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Տիգրան Դավթյանը նույնպես դիմել է մշակույթի նախարարություն' թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Yerkir.am-ը զրուցել է Դավթյանի հետ թատրոնի հետ կապված նրա ծրագրերի եւ հայեցակարգում տեղ գտած կարևոր անելիքների մասին:

 

-Որպես կոլեկտիվի անդամ' Դուք ավելի լավ եք օպերայի խնդիրներին ծանոթ: Ի՞նչ փոփոխություններ եք առաջարկում:

-Անելու եմ այն, ինչ չէր արվել: Առաջին աշխատանքային օրը պետք է նվիրված լինի հաստիքացուցակների ճշտմանը: Անհրաժեշտ է հանդիսատես-բեմ' երկուստեք դաստիարակչական պրոցեսների ձևավորում անել, այսինքն' օպերան պետական ֆինանսավորվող թատրոն է ու իրավունք չունի որոշակի տևողության և կոնկրետ բովանդակություն ունեցող ծրագրեր իրականացնել, տվյալ դեպքում' վարձակալության հիմքերով: Օպերայի բեմում, օպերայի արտիստներից բացի, ոչ ոք չպետք է ելույթ ունենա, եթե, իհարկե, դա կառավարության հետ համատեղ ծրագրի արդյունքում չէ: Կարևորը ոչ թե ֆինանսներն են, այլ բարոյահոգեբանական մթնոլորտը, այն, թե հասարակությունն ինչպե՞ս է ընդունում դասական արվեստը: Հյուրախաղեր է պետք կազմակերպել մեր մարզերում, օրինակ` Ստեփանավանը, Վանաձորը, Ղափանն ունեն շատ լավ համերգային դահլիճներ, դրանք օգտագործել է պետք: Պարտադիր չէ, որ բոլորը երգեն Բարսելոնայում, «Մետրոպոլիտեն»-ում կամ Սիդնեյում: Օպերայի թատրոնը սկսում է ծառայել իր նպատակին, և ապահովվում են օպերայի թատրոնի ծրագրերից մի քանիսը' երեխաների դաստիարակություն' ծանոթացնել նրանց իսկական, մաքուր երաժշտության հետ: Սա հնարավոր է իրագործել փոխպայմանավորվածության միջոցով'  մարզպետ, մշակույթի վարչության պետ, գյաւղապետ, պետք չէ վարչապետի, կառավարության մակարդակով հարցերը լուծել: Մենք պետք է օպերայի ակումբ ունենանք, հաղորդաշար, անհրաժեշտ է փոքր ներկայացումներ բեմադրել, որոնց մեջ մտնում են փորձարարական թատրոնները: Մանկական լավ օպերաներ ունենք' «Կիկոսը», «Գիքորը», «Շունն ու կատուն», «Երեք խոզուկները», որոնք պետք է գյուղերում անընդհատ խաղանք: Այստեղ նաև օպերան կհամագործակցի Կոմպոզիտորների միության հետ:

 

-Սրանք, ինչպես հասկացա, Ձեր հայեցակարգի մի մասն են կազմում, իսկ, առհասարակ, օպերայի թատրոնի տնօրենը հատկապես ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնի:

-Տնօրենը պետք է ստեղծագործական լճացման վերացմամբ զբաղվի, թատերաքննադատներ, թատերագետների կարիք ունենք. պետք է իրար հետ կռվեն' հանդիսատեսը շահի: 700 հոգի' մի գյուղ մարդ է աշխատում թատրոնում: Չի կարելի նրան, ում թոշակի տարիքն եկել է, հանել աշխատանքից, սա բանկ չէ, որ թվերի հետ գործ ունենան: Տեղական ֆինանսներով էլ կարող ենք նոր բեմադրություն անել: Ռոման Բալայանը մի առիթով ասաց' ինչո՞ւ եք ուզում կես միլիոնով ֆիլմ նկարել, 30 000 դոլարն էլ է բավական: Ով էլ լինի նախագահ, թող իր ծրագրի գոնե կեսն իրականացնի: Օպերայի տնօրենը պետք է լինի իսկության և ճշմարտության մեջ, ֆանտաստիկ մի մարդ, պետք է գիտակցի, որ պետական թատրոնի տնօրեն է ու բալետի, երգչախմբի, մենակատարների համար առանձին պայմաններ ստեղծի:

 

-Նախարարությունն ինչո՞ւ է մրցույթին դիմած անձանց հայեցակարգերը գաղտնի պահում:

-Սահմանադրորեն` հարցնելը լրագրողների իրավունքն է, չպատասխանելն էլ' մշակույթի նախարարության: Պարոնյանը «Մեծապատիվ մուրացկանների» մեջ ասում է. «Ի՞նչ իրավունք ունեք' իրավունք ունենալու»: Չգիտեմ, բայց իմ հայեցակարգը գաղտնի չէ: Օրինակ` իմ հայեցակարգի ակնկալվող արդյունքներն են' զարգացման հայեցակարգը թույլ է տալիս պահպանել կապը թատրոնի և պետության հետ, որոշակիորեն ապահովում է ոչ ցածր մակարդակի ֆինանսավորում, որը հնարավորություն է տալիս աջակցել ստեղծագործական պոտենցիալին և, նախորդ տարիների համեմատությամբ, խթանում է քաղաքացիների' թատրոն այցերի հաճախականությանը: Արդյունքում` կավելանա ներկայացումների, ժամանակակից օպերային արվեստի գործերի թիվը, կստեղծվեն հնարավորություններ նյութատեխնիկական բազայի ավելացման, շենքային պայմանների բարելավման, անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար: Բացի այս`, մեներգիչների, դերասանների, ռեժիսորների, դիրիժորների, պարուսույցների, արվեստագետների և այլ մասնագետների մասնագիտական վերապատրաստման համար են պայմաններ ապահովվում: Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա համապատասխան հիմնադրամի ստեղծման, գործարար համագործակցության դաշտի ձևավորման արդյունքում կստեղծվի ինքնաֆինանսավորման հնարավորություն:

 

Կարինե Հարությունյան